Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XV դարում այդ զվարճություններն արդեն կանոնավոր թատերական ներկայացման ձև էին առել և կազմել էին մշտական դերասանական խմբեր։ Դրանց ներկայացումները, որ տևում էին չորսից մինչև ութ օր, լիքն էին երգով, ճառերով, կատակներով ու սրախոսություններով։ Եվ ոչ մի երկրում էլ այնքան զարգացած չէր սրախոսությունը, որքան Անգլիայում։ Ամենալուրջ բարոյախոսական մի տեսարանի մեջ հանդես էր գալիս և կեղտոտ կոմիկական ֆարսը, տխուր եղերերգության հետ կատակը։ Եվ [առաջ եկան] հայտնվեցին նշանավոր դերասաններ ու ծաղրածուներ, որոնց հիշատակում է պատմությունը։ Առաջ եկան այնպիսի դրամատուրդներ, ինչպես Ջոն Լիլլի, Ռոբերտ Գրին, Թովմաս Կիդ, Քրիստափոր Մարլո, և այնքան հարգի էր այս արվեստն ու նախանձելի դրամատուրգի փառքը, որ կոմս Դորսետի նման բարձրադիր մարդիկ ճգնում էին դրամատուրգի հռչակ հանելու։ XVI դարում Եղիսաբեթ թագուհին և նրա հաջորդ ուսումնասեր Հակովբ թագավորն էին հովանավորում ու քաջալերում բեմական գեղարվեստը։ Գրեթե ամեն մի նշանավոր իշխան ուներ յուր ծաղրածուն և դերասանները։ Շրջիկ դերասանական խմբերը կոմսերի հովանավորության տակ թափառում էին քաղաքից քաղաք՝ ներկայացումներ տալով։ Եվ այնքան տարածվեց թատրոնը, այնքան բազմազան դերասանական խմբերն ու շատացան ներկայացումները, որ 1572 թվին թագավորական հրաման դուրս եկավ՝ գան մի սահման դնելու համար:

Այս մի երկարատև հեղեղ էր, որ գալով ու մեծանալով, վերանորոգության և վերածնության ժամանակներում XVI դարում ստեղծեց դրամատիկական բանաստեղծության մի այնպիսի անտակ ու անեզր օվկիանոս, որ Շեքսպիրն է։

[Մեծ են լինում մեծերի ինչպես դրական, նույնպես և բացասական գծերը, հատկություններն ու ազդեցությունները և մեծ էլ հետևանքներ են առաջ բերում։] Մի ուրիշ օրինակ։

XIX դարի սկզբում այդ միևնույն Անգլիայի արդեն հղփացած, ցոփ, [աննպատակ] կյանքը, տարտյուֆական