Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամերիկայում ծնված ու մեծացած, այնտեղ նստած մեկը բանաստեղծություններ է գրում Հայաստանի և հայերի մասին. այնտեղ և՛ ցավակցություն կա, և՛ հառաչանք, և՛ գովում է հային, և՛ պաշտպանում, և՛ սեր կա, և՛ հույսեր։ Մի՞թե հայոց բանաստեղծ եղավ այս մարդը։

Հայոց բանաստեղծությունը այն խո չի, որի մեջ Հայաստանի և հայի անուն կա, որի մեջ ազգասիրության քարոզներ կան, Մասիս ու Արաքս կա, այլ այն, որի մեջ հայի հոգի կա, հայի շունչ կա, հայի վիշտ կա, հայի ուրախություն, հայի սովորություն, հայի զգացմունք։ Հայ ասելով՝ ես ժողովուրդն եմ հասկանում, թե չէ իրանք բանաստեղծներն էլ հայեր էին։

Այն ամերիկացի բանաստեղծը որքան էլ [որ] հայասեր լինի, որքան էլ որ յուր երգերում պաշտպանի հայ ժողովրդի իրավունքները, չի կարող հայոց բանաստեղծ դառնալ, թեկուզ և նա հայ լիներ, և թեկուզ Ամերիկան մոտեցնեինք մինչև Ռուսաստան։

[Օրինակ] երկու հայ բանաստեղծների բերանով երկու հայ կին երգով իրանց վիշտը պատմում են — մեկն օրորոցի մանուկին, մյուսն յուր ճախարակին։

Մեկը երգում է.

Քընե՛, քընե՛, սիրուն որդի, քու մոր սրրտին
ըսփոփանք,
Քեզ օր կասեմ տըխուր ձենով, օր օր, օրեր ու
շատ կյանք.
Օրորոցըդ ձեռով շարժեմ, բերնով երեսդ համբուրեմ,
Քեզ շա՛տ օր օր, քեզ շա՛տ օրեր, քեզ շա՛տ
արև կու երգեմ։
Աչքըդ փակե այդ լուսափայլ աստղի նըման փայլածը,
Որ մինչև այդ երկնքումը երևում է ցոլածը։
Աչքիդ շողը սիրտս է ծակում, նորոգում է իմ խոցը,
Աչքդ փակե՛, իմ սիրական, հերի՛ք սըրաիս այրածը։
Աչքդ փակե, քաղցր քընե՛, քեզ օր կասեմ ես լալով,


70