Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մշակն» էլ մինչև այս ամսի վերջը ասում են, իբրև հաստատ բան, կհրատարակվի3:

Իմ գրքերից ուզել էիր. Ա-ից 15 օրինակ, Բ.-ից, որքան լինի։ Ուղարկում եմ 15 օրինակ Ա-ից, 10 օրինակ Բ-ից4. տոկոսով տուր ձեր գրաշրջիկին։ Լսեցի, որ հիվանդ ես եղել, գրիր՝ ինչու էիր հիվանդացել և ինչ եղար։

Ընդունիր իմ և մեր ամբողջ գերդաստանի սրտագին ողջույնը, որ սպասում են օրհնությանդ։

Ինձանից բարևիր Տիգրան սարկավագին, ա՛խ, բոլորովին մոռացել եմ, կարծեմ նա էլ ձեռնադրվեց, չէ՞։ Գրիր, ի սեր աստծո, վերջապես, երկու Տիգրան սարկ<ավագ> են, ես շփոթում եմ։ Բարևիր պ. պ. Եզեկյանին, Մանվելյանին, Լևոն աբեղային (գրքերի մեջ մեկն ուղարկում եմ նրան):

Քո Հովհաննես
51. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Հաղպատ — Թիֆլիս
1893, 13 հուլիսի, Հաղպատ
Օլա ջան,

Արդեն հասել ենք Հաղպատ, երկու քննություն վերջացրել (չնչին և պարապ բաներ են) և այսօր մի ժամից հետո ճանապարհ ենք ընկնում դեպի Սանահին1։ Շատ լավ ենք ճանապարհորդում, միայն ես քիչ մրսեցի, խինա խմեցի, անցավ։ Մի քանի օրից հետո մեր գյուղում կլինենք։ Քեզ և երեխաներին գրեթե ամեն գիշեր երազում տեսել եմ, բայց երբեմն շատ անհանգստացնող երազներ եմ տեսնում։ Գուցե մինչև ամսի վերջն այդտեղ լինենք։ Չմոռանաս երեխաներին շուտ-շուտ ման ածելու տանել և ամեն տեսակ մրգեր չուտացնես։ Երեկ Արճիսից գալիս տերտերի ձին չոքեց հանկարծ. տերտերը բոլորովին անվնաս վայր ընկավ խուրձերի վերա։