Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
56. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Թիֆլիս—Էջմիածին
1893, XI/18, Թիֆլիս
Մեծարելի բարեկամ,

Բաց նամակիս չպատասխանեցիք1. չգրեցիք, թե ինչ է գրքի գինը, որ երրորդ տպագրությունն է կամ ինչ անեմ գրքերը2։ Գրաշարն ասում է, որ երես չկա ուրիշ, իսկ գինը չկա, որովհետև բաժանորդների համար է։ Կազմարարին արգելել եմ գրքերը կազմելու, մինչև Ձեզանից պատասխան ստանամ։

Հ<այր> Բեկնազարյանին շատ անհաջող փորձերից հետո հազիվ տեսա այսօր, ասաց, որ ինքը չի կարող Տեր-Ղևոնդյանից փող ստանալ։ Դուք գրեցեք, թողեք Տեր-Ղևոնդյանը փողը բերի տա իրան։

Արասխանյանին կտեսնեմ և «Մուրճից» արտատպելիս՝ Ձեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությանը3 նորից կնայեմ։

«Խավարամիտների գլխացավը» հանձնեցի «Մշակի» խմբագրությանը և խմբագրատանը կարդացի այն տողերը, որ իրանց էր վերաբերում4։ Առհասարակ Հայրիկի և Արիստակեսի հաշտության լուրը ուրախացրեց տրտմած կուսակցությանը5։ Գրել եք, թե կուսակցության կարոտը քաշում եք և տխուր եք։ Տխրում ենք Ձեր տխրության համար, իսկ ինչ վերաբերում է կարոտին, կարող եմ հավատացնել, որ կուսակցությունը չի մոռանում յուր սիրելի Քյորօղլուն. հիշում է ամեն խնջույքում, մանավանդ, երր տողերիս գրողն էը վեր է անում յուր գազարակերի ձայնը և հանդգնում է Քյորօղլու երգը երգել…

Ֆիլիպը շնորհակալ է շնորհակալության համար6։ Այժմ Ֆիլիպը ուրիշ գործ է սկսել. հրատարակում է տարեկան 2-4 ժողովածու, գրքեր և բրոշյուրներ։ Առաջին ժողովածուն հունվարին դուրս կգա7։ Ձեր խոնարհ ծառան էլ, որ խմբագրական ժողովը կազմող երեքից մինն է, խնդրում է ի դիմաց։