Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կամ այս մարդիկը ապացուցում են, որ ոչ մի զգացմունքով կապված չեն գրականության հետ, թեև հաճախ խոսում են նրա անունով. որովհետև հենց ժողովում էլ ուզում էին խեղդել այս խնդիրը, և կխեղդեին, եթե չլինեին Զավարյանի նման երիտասարդները6։ Եվ դրանք իրանց գրականության տերեր ու դատախազներ են համարում, և դրանք խմբագիրներ են, Արասխանյանցի նման խմբագիրներ, որ այնքան է հասկանում գոնե գեղարվեստական գրականությունից, որքան բորչալվեցի թարաքյաման Շոպենի սերենադը7։

Գրականական աշխարհի խայտառակությունից անցնենք մի ավելի խայտառակ աշխարհ՝ հոգևորականությանը (ա՛խ, երբ պետք է մենք պրծնենք դրանցից, կարծես թե այդ սև փարաջան փաթաթած է իմ սրտի վրա, այնպես է ինձ նեղացնում)։

Այստեղի նոր առաջնորդ սրբազան Պարապյանցը, կամ Սպանդարի պկուն, ամենատմարդի կերպով հենց առաջին օրից սկսեց հալածել մեր տեր Հովհաննեսին8։ Դուրս արավ անդամությունից, գործակալությունից, չթողեց երեսր տեսնի (ասենք, այս լավ արավ), և երբ իմացավ, որ ժողովուրդը ուզում է բողոքել, թեմական տեսչի9 բերանով ապսպրեց տեր Հովհաննեսին, թե՝ «ժողովրդին մի հուզիր, թե չէ 24 ժամում քեզ Շուլավեր կուղարկեմ». հետո ինքն էր պատահել և նույնը կրկնել։ Ինչևիցե, մանրամասնությունները մնան։ Այս մասին տեր Հովհաննեսը երկու նամակ է գրել Արիստակես սրբազանին, դեռ պատասխան չի ստացել. այժմ տեր Հովհաննեսն էլ է խնդրում, ես էլ, որ սրբազանից իմանաք, արդյոք ստացե՞լ է նամակները, և ինչու չի պատասխանել կամ ինչ խորհուրդ կտար, ինչպես վարվեր տեր Հովհաննեսը:

Հ<այր> Բեկնազարյանցի հետ մի դժբախտ դեպք է պատահել (խեղճը առանց այն էլ սրտի թրթռոց ունի և սաստիկ հիվանդ է, այժմ «Արձ(ջ)ագանքն» էլ նպաստում է, որ շուտով մեռնի)10։