Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արշակի հարսանիքին ուշանալու մի ուրիշ պատճառ էլ կար։ Իսկուհուն մի նոր մուշտարի էլ էր դուրս եկել՝ հարուստ և ազնվական, բայց ես տղային չէի հավանում, թեև մերոնք խոսք էին տվել, համարյա նշան, այդ քանդեցի։ Ղարարիլիսա էլ տեսան, ուզեցին, գուցե այնտեղ տանք, բայց առայժմ ես չեմ ուզում, մանավանդ Ռոստոմին։

Չգիտեմ փողերն ստացար, թե չէ. ափսոս, որ քո անունով չգրեցի խնդիրը.ասեցի կչարչարվես, համ էլ չգիտեի, թե տերտերն2 ուրիշ տեղ է գնալու, արդյոք եկա՞վ, թե չէ։ Անցալ գիշերը տերտերի վրա վատ երազներ եմ տեսել, թեև չեմ հավատում, բաց անհանգստացնում են։

Գյուղացիք կալից պրծել պարապել են և շարունակ հրավիրում են դես ու դեն, շատ չեմ կարողանում մեր տանը մնալ։ Մերոնք էլ ոչխարն ու տավարը սարից բերել են տուն, Ջալալօղլուց էլ լավ գինի և ամեն բան տարել ենք, այնպես որ շատ առատ ենք քեֆ անում, թեև սիրտներս է պակասում, մանավանդ որ մայրս հաճախ քեզ ու երեխանցը հիշում է ու լաց լինում։

Քանի ժամանակ է, որ այստեղ ցրտերն սկսել են, արդեն մրսում ենք։ Վաղը պետք է առաջին անգամ գնամ Նատաշին տեսնելու. ինչպես պատմում են շատ է նեղացել։

Մի չորս-հինգ օր գյուղերը ման գալուց հետո կվերադառնամ տուն ու պատրաստություն կտեսնեմ Շուլավերով Թիֆլիս գալու։ Ինչ լավ կլիներ, եթե դուք էլ Շուլավեր լինեիք։

25 օգոստոսի։ Գուցե հետաքրքրվես։ Անցյալ օրր կարդացի ռուսաց «Семья» շաբաթաթերթում «Ախթամարի» ռուսերեն թարգմանությունը3։

Մի նորություն էլ գրեմ.

Ասքանազն ու յուր կինը արդեն կռվել են, ջոկ են ապրում. ասում են որ ամուսնական անհավատարմություն էլ է պատահել, տիկինն ուզում է գալ Թիֆլիս…