իրավունք են տալիս կասկածելու ընդհանուր գործի հաջողության վրա8։
Գերմանիայից՝ քեզ բարևել է իմ և քո կնքահայր Սիմեոն Իվանիչը (Պառավյանցը). ինչպես երևում է խեղճի կնոջից ձեռք են քաշել բժիշկները, շատ հուսահատական նամակ է գրել:
Լսեցի, որ իբր թե «Մշակի» խմբագրատան մեջ խռովություն կա, տեր ու տնօրեն Մալումյանը վատ է վարվում խմբագրանունակիր Քալանթարի հետ, և ուրիշ շատ սպասելի ու բնական բաներ։
Նոր դուրս եկած այնպիսի գիրք չկա, որ ուղարկեմ, թերթերն էլ արդեն ստանում ես։
Հա, քիչ էր մնում՝ մոռանում էի փողի մասին գրելու։ Սարգսին տվեցի քառասուն ռուբլի, մնացած տասն ռուբլին երբոր տիկինը գա, նրան կտամ կամ հետո կգրես՝ բան կառնեմ կղարկեմ։ Հիմա չեմ կարողանում բանն այնպես իրար գցել, ֆինանսական դրությունս այսքան միայն կարող է ինձ պարզերես անել։
Ճիշտն ասեմ. երբոր քո փողերի պավեստկեն ստացա՝ շատ զարմացա, իհարկե, թե այս որտեղից պետք է լինի, և շատ էլ ուրախացա, որովհետև հարկավոր էր. չորս երեխա մի կողմից էին հիվանդ և այլն։ Հանկարծ տեսնեմ ներս եկավ մի քեզ լավ ծանոթ գրականական մարդ թե՝ նեղության մեջ եմ, ինձ համար որտեղից որ է պետք է այսքան փող ճարես։ Ասում եմ, ախպեր, հրես մի պավեստկա եմ ստացել, թե իմը կլինի՝ հո շատ լավ, թե ուրիշի կլինի այն էլ կտեսնենք ինչ մարդի է, էն ու գյորա կվարվենք։ Գնացինք միասին ստացանք, տեսանք Աղայանցինը, և բաժանելին զհանդերձս նորա ի միջի իւրեանց9։
Տիկնոջն և օրիորդներին բարևիր ինձանից և մերոնցից. շտապում եմ, արդեն կառքի եմ ուղարկել։