Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



113. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1898, օգոստոսի երրորդ տասնօրյակ, Շուլավեր>

Սիրելի Ֆիլիպ,

Քո մտածած երկու միջոցին էլ համաձայն եմ1։ Այնպիսի միջոցներ են, որ նյութական թեթևություն տալով հանդերձ միշտ կդրդեն գրելու և զբաղվելու։ Իսկ եթե, ճշմարիտ, այնքան հաջող լիներ, որ կարողանայի պարտքերս էլ վճարել, այդ արդեն ո՞ւմ հասներ։ Մի խոսքով, հարկավոր է, որ ուշք ու միտքս ազատեի պարտքատերերիս ու տանս ճորտությունից։ Առանց այն էլ այնքան երեխաներ կան և այնքան են մանր, որ ամբողջ գիշեր լաց լինելով ու ցերեկն աղմկելով՝ մարդու հանգիստ չեն տալիս. դե բանաստեղծությունն էլ խո պկու չի, որ ամեն տեղ և ամեն ժամանակ մարդ փչի։ Բանաստեղծը միայն խաղաղության մեջ կարող է ամփոփվել, ոգևորվել ու ստեղծագործել-մանավանդ մեծ գործեր, օրինակ պոեմ, դրամա և այլն։ Ես այսքան բան որ ունեմ կիսատ-պռատ ընկած՝ նրանից հո չի, <որ> ուժս չի պատել, այլ նրանից, որ խանգարվել եմ։ Խանգարելու առիթները երբ որ միջից վերանան, այն ժամ մարդ կարող է բան շինել և բան դառնալ։ Խանգարել որ ասում եմ, ես դժվարությունը չեմ հասկանում, դժվարություն միշտ կարող է պատահել, դա ոչինչ, դատարկ բան է, միշտ հարակից ամեն գործի, ևս առավել գեղարվեստական, մանավանդ մեր աշխարհքում, ես այն արգելքներն եմ ասում, որ մարդու հնարավորություն չեն տալիս, չեն թողնում պարապի, ուշքն իրան հավաքի, ժամեր ունենա իր իշխանության տակ իբրև բանաստեղծ։ Արդ, ես կարծում եմ դու էլ այսպես մտածելով ես այդ բանն անում, ընկերություններ են կազմում նավթային մի հող շահագործում, ինչու չի կարելի ընկերություն կազմել և տաղանդ շահա գործելու։ Այնքան որ, մարդիկը մարդիկ լինին։