Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես ես համաձայն լինելով քեզ հետ, այժմ սպասում եմ քո նամակին, թե ովքեր կմասնակցեն կամ մասնակցում են, և արդյոք այդ գործը կարելի՞ էր սկսել իմ տան կես տարվան վարձը վճարելու գործով, այդքան գումար կարելի՞ էր սկզբում ինձ հասցնել դրա համար, որովհետև մինչև չվճարեմ կամ հույս չունենամ գալուս պես վճարելու, պետք է մնամ, այնինչ գալս կարևոր է, մանավանդ այստեղ էլ մի քանի տեսակ հիվանդություններ կան2։

Այժմ արի քեզ մի ծիծաղելի դեպք պատմեմ։ Ինչ որ եկել եմ այստեղ, ման եմ գալիս իմ հեքիաթը գիտեցող մի մարդ գտնեմ։ Ասին՝ այսինչ մարդը գիտի-նրան գտա, նա թե՝ ես գիտեմ ոչ, ֆլանն է ինձ պատմել. դիմում եմ ֆլանին, սա էլ, թե՝ ես լավ չեմ հիշում, ֆստանը լավ գիտի, այսպիսով ամբողջ մի ամիս ման գալուց հետո՝ երեկ գտա իսկական աղբյուրը՝ թե Ղուշչունց Վարդանն է, 90 տարեկան մի ծերունի հեքիաթախոս։ Գնում եմ Ղուշչունց Վարդանին՝ ասում են՝ ինչ ես անում, ասում եմ՝ էսպես մի հեքիաթ կա, ասում են՝ դա գիտի։ Թե՝ ճշմարիտ, այդ հեքիաթը հենց սրա հեքիաթն է, բայց ինչու երեկ չեկար։ Ասում եմ՝ ինչ կա որ, էսօր լինի։ Թե՝ հենց նոր, մի ժամ առաջ մեռավ, հրես տանը վեր դրած։

Այս այնքան անակնկալ և այնքան սարսափելի էր ինձ համար, որ չուզեցի հավատալ, ասում եմ՝ էդպես չի լինիլ, կարելի է չի մեռել, մի լավ տեսեք… Սգավորները ծիծաղեցին, ետ դառան, իմ վիշտը տեսնելով, ինձ մխիթարեցին ու ճամփու դրին։ Այսօր թաղեցին, և ո՞վ գիտի հետն ինչ մտավ հողի տակն ու հավիտյան կորավ: Նյութերիդ մասին մյուս նամակում։

Քո Հովհաննես