Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ափսոսում եմ, որ Դուք ևս չեք կարողանում այնպես անցկացնել Ձեր ժամանակը, ինչպես Դուք եք ցանկանում և այդքան ազդու, բանաստեղծորեն բացականչում եք, թե՝ ես այս օրեըք կջնջեի։ Շատերն ափսոսում են ուրիշ բաների համար, բայց Ձեր մեջ սիրելին հենց այդ է, որ Դուք ափսոսում եք օրերի համար, անբովանդակ, իզուր անցնող օրերի համար։ Այս օրերը, հիրավի, ափսոսանքի արժանի օրեր են և միայն կյանք մաշելու ընդունակություն ունեն, երանի ջնջված լինեին, սակավ լինեին, բայց լավ լինեին։

Մեր կյանքը, չնչին բացառությամբ, հյուսված է այդպիսի օրերից. խեղդուկ է օդը, ժամերը՝ ձանձրալի, երկինքն էլ, կարծես, վերևից ճնշող մի ծանր, բանտային կամար լինի։ Այն, ինչ որ մաքուր ու վեհ է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանքն է հորինում իբրև՝ այն էլ շատ է նողկալի։

Մեր կյանքին պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտումն ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան։

Բայց թող անկեղծ խոսեմ-ամենից առաջ պոեզիան։ Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից արժանի է ջնջվելու, ինչպես այս օրերը, որ միայն տրտունջ են հարուցանում։

Դուք Կոջորումն էլ բավականություն չեք ստացել և Ռոստոմի մասին գրում եք, որ տխուր տպավորություն է արել։ Այո՛, դա թույլ բնավորություն ունեցող մարդ է և նրան հարկավոր է ոգևորող. այդ տեսակի մարդկանց համար ոգևորությունը փրկություն է, բայց ի՞նչ… հիվանդանոց բանալն էլ արգելեցին։ Ես, իրավն ասեմ, նրա կնոջը մի հիմնովին չեմ ճանաչում, որ կարողանամ նրա հոգեբանությունն անել, բայց կինը էական նշանակություն ունի մարդու վրա, մանավանդ զգայուն մարդու վրա։ Երբոր մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում, երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը,