Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր։

Այս մասին մի հրաշալի ավանդություն-առասպել եմ գտել, թեև փոքր, բայց շատ գեղեցիկ, իմ կարծիքով, թե ինչպես մուկն ու թռլոնը (վայրենի աղավնին) սիրահարվում են իրար վրա։

— Բայց մուկը ո՞վ, թռլոնը ո՞վ,
Որ իրար հետ ապրեն սիրով2

Շնորհակալ եմ, որ ինձ այնքան քաջալերում եք Ձեր նամակում։ Դուք ինձ արդեն շատ եք քաջալերում, բայց ճշմարիտն ասեմ, ինձ հուսահատեցրել է այս տեսակ դրությունը։ Հենց այն հանգամանքն էլ, որ մի քանի սիրելի անձնավորությունների այդքան հոգս եմ պատճառում, այդ էլ է ինձ շատ վշտացնում։ Ես զզվում եմ իմ անպետքությունից կյանքի մեջ։ Ամեն օր իմ անփութության մի նոր ապացույց ու պատմություն է։ Բայց մի մեծն ասեմ. ես 1892 թ. Մոսկվայում գիրք եմ տպել, 92 թվին էլ ստացել ու այսպես, թե այնպես ցրվել։

Բանն այդ չէ։ Տպել եմ տվել 1200 օրինակ։ Այժմ, յոթ տարուց հետո՝ այս երկու օրս, մի նամակ եմ ստանում Մոսկվայից, տպարանատիրոջից, թե իր ժամանակին մոռացմամբ մեզ մոտ մնացել են Ձեր գրքից օրինակներ և այն էլ… 6 փութ, այսինքն՝ 500-600 օրինակ։

Բանից երևում է ես կեսն եմ ստացել և չեմ հաշվել ու ասել եմ բոլորն այս է, որ կա3։ Այժմ ինչ կասեք, այս տեսակ մարդը կապրի՞, այն էլ մի տուն լիքը երեխաներով։ Իհարկե ոչ։

Խնդրում եմ շուտով նամակ գրեք։ Սրտագին բարևներ իմ և տիկնոջս կողմից և համբույր երեխաներին։

Միշտ Ձեր Հովհ. Թումանյան