|
Մեկն ինձ դյուր եկավ՝ «Կուռքը»։ Ես այդ և նյութ գնեի և ներհակն էի գրելու, բայց այժմ գլուխս այնպես է շշմած, գրեթե հիվանդ եմ։
Այս ամառ չկարացի անել, ինչ որ մտածում էի, շատ եմ ափսոսում. բայց երևի այսպես է անցնելու իմ կյանքը։ Շատ անգամ մարդիկ նեղ հանգամանքների մեջ են լինում-դրանք ավելի են դրդում ու լարում գրելու, բայց իմ հանգամանքների և՛ բնավորությունն է դաժան, մեռցնող, և՜ շատ են երկար ու անվերջ։ Ինչ որ լինելու է, թող լինի։
Քո բանաստեղծություններդ ինձ մի ուրիշ նյութ տվին, որ բխում է նրանց ընդհանուր տրամադրությունից. շատ կուզեի սթափ, արթուն, զվարթուն, զգայուն դրության մեջ լինեի դրանց երգելու։ Կանեմ, իհարկե, բայց այժմ կուզեի։
Այստեղ, ինչպես և ամեն տեղ, բան չկա։ Ճշմարիտ որ, ոչ մի տեղ բան չկա, և կյանքն այնպես տափակ է, միօրինակ ձանձրալի, չնչին և դեպքերն ու հերոսներն այնքան մանր, ողորմելի։ Այսպիսի ժամանակներում մարդ մտնում է իր պատյանը, ամփոփվում է իր մեջ ու ապրում իր մտքում՝ իր ճաշակով ստեղծած աշխարհքում։ Եթե չխանգարեին՝ այդ ամենալավ տեղն է հիմա։
Մեկ մտածում եմ՝ ո՞ւր գնամ Թիֆլիս. մեկ էլ ասում եմ՝ իսկ այստեղ ինչի՞ մնամ։ Ոչ մի տեղ հրապուրանք չունի կյանքը։
Բարևիր Ռուստեմին ու պ. Հակովբին իրանց տիկնանցով։
Նամակ գրիր։