թունավորողներին։ Ափսոս, որ չեմ կարող Ձեզ համար քամի ցանկանալ։
Ինձ հետաքրքրեցիք Ձեր գրելիք նյութով, ու չեք գրում, թե ինչ բան է։ Ուրեմն հայ կնոջը թողեցիք. խե՜ղճ կին. իսկ եթե մենք ենք մի կին թողնում, կանայք աշխարհք են թնդացնում-տղամարդիկ անգութ են, անխիղճ են…
Կին ասացի միտս եկավ։ Իմ կնոջ մասին եք հարցնում. նա լավ է, ինչպես գրում է, իր երեխաներով հանդերձ։ Հասցեն եք ուզում -այս է՝ Белый Ключ, дача Лухава, Ольге Туманян: Շանթից նամակ ունեմ. Բուդապեշտից է գրել։ Երբ գրեմ, կհարցնեմ, թե ինչու դեռ նամակ չի գրել Ձեզ, երևի շուտով կգրի։
Իմ այստեղի ծանոթուհու մասին ինչ կետեր էիք շարել։ Մենք միայն բանաստեղծություն ենք անում… վերջապես այդ էլ շատ քիչ։
Ղըրխքեսալովի մասին էիք գրել։ Ձեր գրելուց առաջ նա ինձ մանրամասն պատմեց իր գործը։ Իր պատմելով՝ ինքն արդար է և հերքել է, գործն, էլ դատաստանով տարել4։ Է՛հ, ինձ ինչ, ո՞վ է անպայման լավ մարդը, ավելի լավ է մարդը իրանից լավություն պահանջի, ուրիշի վատությունը շատ էլ վտանգավոր բան չի լավ մարդու համար, եթե միայն ինքը ճիշտ որ լավ է։
Ասում եք ծրագիրներ եք կազմում. ես էլ եմ ծրագիրներ կազմում5։ Երևակայում եմ, որքան խոսելու նյութ կունենանք։ Որքան շատ կանանց եմ հանդիպում, հետները խոսում, ճանաչում, այնքան ավելի եմ կարոտում մեր հոգեբանական-փիլիսոփայական-բանաստեղծական զրույցները։
Ուղարկում եմ ամառանոցիս լուսանկարը, առաջի նստածն էլ ես եմ6։ Ֆիլիպին դեռ նամակ չեմ գրել, ոչ էլ ստացել եմ։ Այսօր կամ վաղը կգրեմ։ Դուք երևի գրագրություն ունիք, չեք գրում նրա մասին։ Ռուստեմն էլ երևի այնտեղ է։