Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանապարհորդել, Ալեքսանդրապոլից, սեպտեմբերի սկզբին, Կարսի երկաթուղով գալ Թիֆլիս։ Եթե հաջողի, ուզում եմ Անի էլ գնալ. Ալերքսանդրապոլից մոտիկ է։ Այս մասին ուզում էի Ձեզ իմացնել, Ֆիլիպին էլ գրեցի։ Կսպասեմ Ձեր նամակին1։

Ուրավելում վերջերս սաստիկ շոգեր են անում։ Այստեղ խոնավ է, մինչև անգամ տենդոտ տեղ է։ Ես առողջացել եմ, բայց տենդս չի անցել. երբեմն տաքություն եմ տալիս։

Երևի Դուք իմացաք, որ ճանապարհորդում եմ լեգենդներ հավաքելու և առհասարակ ծանոթանալու ժողովրդի հետ։ Ուզում եմ Թմկաբերդ գնալ, երևի հիշում եք Թմկաբերդի լեգենդան՝ այն կինը, որ ուզեց շահի թագուհին դառնալ և այլն2։ Գիտե՞ք, բանաստեղծի համար տպավորությունները հարստություն են. վա՜յ այն բանաստեղծին, որ աղքատ է սպավորություններով։ Ես էլ այդ կողմից բախտավոր չեմ։ Իմ կարծիքով դա բախտ է։

Ստացա Ձեր բաց նամակը3, որով հարցնում եք, թե ինչու ես նամակ չեմ գրում, այնինչ, իմ հաշվով, Դուք այդ նամակը գրելու օրը պետք է ինձանից նամակ ստանայիք։

Ուղարկում եմ Ուրավելի երկաթի աղբյուրի տեսարանը։ Ձեզ ծանոթ մարդիկ կան այդտեղ։ Աղբյուրի կողքին վրան է զարկած, իսկ մյուսները՝ բուդկաները, վաննաներն են։ Առաջին պլանի վրա կանգնացրել եմ հանքային ջրերի վերատեսուչներին կամ «Բանշչիկներին»՝ Ակոփ աղային, որ շատ է հռչակավոր և Ստեփան ախպարը։

Այժմ հերթը իմն է հարցնելու, այս ինչպե՞ս է, որ այսքան ժամանակ նամակ չունեմ Ձեզանից։ Գրեցեք, խնդրում եմ, և Ձեր նյութի մասին4։

Միշտ Ձեր Հ. Թումանյան