Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի շարք ոտանավորներ եմ գրում, որոնց ընդհանուր վերնագիրն է «Տրտմության սաղմոսներ»։ Այդ «Տրտմության սաղմոսներից» մի քանիսը այս ձմեռ կարդացի Հայրիկին։ Նրան դյուր եկան և ես խոստացա, որ կուղարկեմ «Արարատին»։

Արդ, ուղարկում եմ դրանցից մեկը՝ «Աստծո սպառնալիքը»։ Խնդրեմ ներկայացրեք Հայրիկին. եթե հավանի և հարմար դատի, տվեք «Արարատին»1։

Խնդրեմ բարեհաճեցեք մի տեղեկություն տալ թե՛ այս մասին և թե՛ հիշյալ երեխայի. իմ հասցեն Тифлис, Бебутовск<ая> ул<ица> № 50, Ованесу Туманяну.

Այժմ ճանապարհորդում եմ դեպի Անի. շուտով կվերադառնամ Թիֆլիս։

Համբուրում եմ Վեհափառ Հայրիկի աջը, մնալով դեպի նա որդիական անսասան սիրով և խորին հարգանքով՝ դեպի Ձեզ՝

Հովհաննես Թումանյան

159. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ղազարապատ — Թիֆլիս

<1901> , 29, <30> օգոստոսի, Ղազարապատ գյուղ

Օլյա ջան,

Քանի ժամանակ է քեզանից նամակ չունեմ. չիմացա՝ երբ գնացիր ամառանոցից, ինչպես գնացիր, առո՞ղջ են արդյոք երեխաները։ Լրագրում կարդացի, որ Բելի Կլյուչի կողմերը երեխանց հիվանդություն է հայտնվել, շատ անհանգիստ եղա, թեև վտանգավոր հիվանդություն չի։

Ախալքալաքում մնացի ուղիղ երկու շաբաթ, բայց երկու օրի նման անցավ, այնքան ուրախ ու զբաղված պահեցին ինձ։ Շարունակ հրավիրված և միշտ լավ խմբերով, իսկ վերջին օրը ընդհանուր ճաշ տվին։ Այժմ մանրամասն գրելու կարիք չկա. որ գամ կպատմեմ։ Այն տունը, ուր ես