168. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Բելի Կլյուչ–Դիլիջան
Թանկագին
Մարիա Մարկովնա,
Երկու բաց նամակ եմ գրել, և, երևի, ստացած պիտի լինիք1, բայց գոնե չեք գրում, թե ստացել եք. այնպես, որ ես Ձեր մասին լրագրից եմ տեղեկանում։ Լրագրում կարդում եմ, թե Դիլիջան ներկայացում են տալու, ասում եմ՝ էլ ով կլինի2…
Ֆիլիպին մի նամակ եմ գրել, մի նամակ էլ ստացել, երևում է, որ քեֆը լավ է։ Մենք էլ ենք լավ։ Բավական լավ ամառանոց է եղած Բելի Կչյուչը։ Ես միանգամայն առողջ եմ, կարողանում եմ ուշքս վրես պարապել։ Պատվեր եմ ստացել «Մուրճին» աշխատակցելու։ Իհարկե, գիտեք, որ Կրասիլնիկյանից այժմ անցել է Պողոսյանին և Սարգսյանին (16,000–ով)3։
Աղայանն էլ այստեղ է, գրեթե, միասին ենք։ Բարևում է Ձեզ. այժմ մի քիչ քեֆը լավ չի՝ շատ քեֆ անելուց։ Երեկ մի ճաշի էինք, մրսել է, թե կերակուրն է վնասել։
Արդյոք, ինչպե՞ս են գնում Ձեր որսորդական վարժությունները, կարողանո՞ւմ եք զարկել, թե շեղվում եք նպատակից (цель) ։
Հայրիկն եկա՞վ այդտեղ, թե չէ. ձեզնից մոտիկ վանքումն է եղել, երևի կգար4։
Ես օրերս անց եմ կացնում միանգամայն կանոնավոր և պարապում եմ, որքան ներում են մեր երեխաների և, առհասարակ, ընտանեկան ղալմաղալները։
Հույս ունեմ, որ շուտով Ձեզանից նամակ կունենամ։ Շանթն արդեն Լոզան է. երկրորդ դրաման է ուզում վերջացնել5։