Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանրանում են մեր աշխարքի ամեն ցավերը, գուցե այդ։ Արդեն ապացույց է, որ ես էլ եմ բանաստեղծ, բայց, ասում եմ, զարմանալու բան է, ես առանց երգելու հոգնած եմ այդ ցավերից ու սիրում եմ բոլորովին ուրիշ ցավեր, ավելի անուշ, ավելի աստվածային, երջանիկ ցավեր։

Չգիտեմ այսպես է, թե՞ ինձ այսպես է թվում. թե կարող ես ջոկիր.-այս ի՞նչ կենտրոնախույս տրամադրություն էր, որ իմ մուսային դարձնում է դավաճան՝ ազգի առջև։

Սակայն քեզ ասեմ, որ միևնույն ժամանակ մի մեծ ազգային պոեմա եմ ձևում2, մի բան, որ վաղուց ներսս փոթորկում էր քաոսային դրության մեջ, և հոգի աստծոյ շրջեր ի վերայ նորա-և անշուշտ մի օր ասելու է՝ եղիցի լույս3։ Ա՜խ, ինչ սքանչելի խոսք է. եղիցի լո՜ւյս… ստեղծագործության աստվածային խորհուրդը կամ ստեղծագործական հանճարի ույժը հայտնում է այս երկու խոսքով՝ եղիցի լո՜ւյս…

Այստեղ ինձ եկան խանգարեցին։ Հիմի ուրիշ բանիցդ խոսանք։ Անշուշտ, եթե աստված էլ կին ու ընտանիք ունենար, նա էլ չէր կարող աշխարքն ստեղծել կամ ով գիտի ինչի նման բան ստեղծեր։

Մենակությունը աստվածային դրություն է։ Եվ մենակ մարդիկ են լավ բաներ տվել աշխարքին։ Մենք էլ, որ գրեթե ոչինչ չունենք, ինչ լավ բան ունենք միայնակյացների գործ է, երբ որ մարդիկ ճգնվում էին մի որևէ քարանձավում կամ մենաստանի խցում ու երկա՜ր-երկա՜ր տարիներ անձնատուր լինում մի զգացմունքի, մի մտքի, թաղվում, սուզվում նրա մեջ, ձուլվում նրա հետ, խաղա՜ղ, անվրդով, ու եթե ունեին վրդովմունք—այդ իրենց գործի վրդովմունքն ու ալեկոծությունն էր, որի մեջ տարուբերվում էին, ծփում, մինչև հասնում էին մի նավահանգստի, հանգում էին մի եզրակացության, մի դրության։ Իսկի հացի դարդ էլ չէին քաշում։ Այդ ժամանակների ժառանգությունն են Նարեկն ու Խորենացին, մեր հոգեբուխ շարականներն ու մեղեդիները։