Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառնում է տղամարդ։ Այսքանր քո երկու բանաստեղծության մասին։ Իսկ իմ ուզած կարոտը ուրիշ բան է. նա իդեալացնում, աստվածացնում է սիրո առարկան ու քնքշացնում, ազնվացնում մարդուն, թոիչք ու ձգտում է տալիս հոգուն։

Սրանից հետո, չգիտեմ՝ ինչո՞ւ ես դու կարծում, որ ես «Անուշի» վրա սիրահարված եմ (այն էլ չափից ավելի)։ Այո՛, ես սիրահարված եմ մի աղջկա վրա, բայց նրա անունն էլ Անուշ չի, ոչ էլ սերս չափից ավելի։

Այժմ, այս շրջանում, և բավական ժամանակ է առհասարակ, ես չեմ կարողանում գրվածքներիս կամ գրելիքներիս վրա սիրահարվել։ Սա, իհարկե, դժբախտություն է, և ես ամենակողմանի կերպով հասկանում եմ ընչիցն է, բայց այսպես է։ Մի ծանր, մռայլ անտարբերություն, մի դաժան սառնություն ծիծաղում է, շնչում է իմ բոլոր ձգտումների ու հուզմունքների վրա և պաղեցնում, սառցրնում։ Ես զգում եմ, որ մեռած չեմ իբրև բանաստեղծ, բայց կաշկանդված եմ։ Քեզ հետ արդյոք մղձավանջ չի՞ պատահել (кошмар). զգում ես, որ ապրում ես, բայց չես կարողանում շարժվել, շունչդ լսում ես, բայց չես կարողանում գոռալ։

Ասում ես մի՛ տխրիր, որ դավաճանում ես քեզ իբրև ազգային բանաստեղծի։ Ես չեմ տխրում, որովհետև խոր ու լայն զգում եմ, որ վշտոտ ազդր, տառապած ազգը շարժվում է իմ մեջ, ուզում է խոսել։ Հենց այս էր, որ ասում էի մի ազգային, մեծ պոեմա եմ ձևել, բայց ծալում հետաձգում եմ4։ Գիտես, իմ մեջ մի զարհուրելի լույս է ծագել՝ մեծ գործ շինելու ցանկությունը։ Բայց մեր աշխարքում մենք ունենք գրողի տառապանքը, առանց ունենալու գրողի կյանքը։ Այս խմորը շատ ջուր կվերցնի, նրա համար կարճ եմ կտրում։ Չեմ համոզվում, թեև դու շատ հեշտ ես վճռում խնդիրը, թե կարելի է ժամանակն այսպես կարգադրել և կամ այնպես ապրել։ Էհ, սիրելիս, մենք առանց այն էլ կուչ եկած ենք, եթե միշտ նրա մասին մտածես, որ քեզ ավելի կուչ ածես, պրծանք։ Այնուհետև էլ դու չես-այլ մի ուրիշ մարդ, որ թերևս ավելի լավ ապրի, ավելի քիչ լինի ենթակա ձախորդությունների