Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձյուն գալ։ 6–ին արդեն մեր ուզած բարձրության վրա էինք, բայց ամբողջ Կովկասը ծածկված էր մշուշի մեջ։ Մի երկու անգամ, շատ կարճ, բացվեց հորիզոնը, և ճշմարիտ որ հոյակապ, զարմանալի տեսարան էր։ Կարծես մենք կանգնած էինք մի ահագին ծովի մեջ, որ ամեն րոպե փոխում էր իր ձևը և հորինում էր հազար ու մի սքանչելի պատկերներ։ Թե՛ Բակուրիան և թե՛ Բորժոմ ինձ կատարյալ կողոպտեցին։ Մանավանդ Բորժոմ իջած էի հյուրանոցում և մնում էր ամենա լավ №–ը դատարկ։ Լավ էր, որ Հակովբն այնտեղ էր։

Ամսի 11-ին Բորժոմից եկա Աբասթուման՝ առանց Ախալցխա կանգնելու։ Այստեղ մայրիկը, Շուշանն ու Մարուսյան ամեն օր սպասելիս են եղել ինձ, միշտ իրիկները ուղարկելիս են եղել դիլիժանսը գալու ժամանակ։ Հենց այն իրիկուն էլ սպասում էին, երբ ներս մտա, և չես կարող երևակայել, ինչ աղմուկով իրար հանդիպեցինք։ Բոլորը շատ լավ են։ Շուշանը մի քիչ նիհարել է, բայց ավելի աշխուժացել, դե երևակայիր ինչ կլինի, իսկ Մարուսյան երբեք այսպես առողջ չի եղել։ Մարուսյայի Լիլիկը շատ լավ երեխա է դարձել։ Մայրիկն էլ լավ է, մի քիչ աչքերիցն է գանգատվում, իսկ Դավիթը մնում է նույնը՝ ոչ չաղացել է, ոչ լղարել։

1Ինչ խոսք, որ այժմ շատ լավ եմ։ Բայց սրանք այս երկու օրս կգան, այժմ զբաղված ենք ինձ տեղավորելու խնդրով։

Շուշանի ծանոթ մի շատ լավ ռուս բժիշկ ինձ տեսել էր Շուշանի հետ, հարցրել էր։ Շուշանը պատմել էր, թե մեր մոտիկ մարդ է, գրող, եկել է այստեղ կազդուրվելու և գրելու։ Ասել էր, որ ինձ իր մոտ տանի, ծանոթանանք, քննի։ Գնացի, մի հրաշալի մարդ է։ Երկար քննեց, հարց ու փորձ արավ, մինչև անգամ բնակարանիս ու ճաշի համար հոգ տարավ, նամակ գրեց, խոստացավ, որ կխոսա ինքը, խնդրեց, որ շարունակ լինեմ իր մոտ, որ ամեն հիվանդությունից ինձ կազատի և միանգամայն առողջ կուղարկի տուն։

Այժմ առավոտյան թեյը վերջացրած՝ պատրաստվում ենք գնալու ինձ համար տեղ տեսնելու և խոսելու բժշկի