Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բժիշկն ասում էր, под пазухой самого Исуса Христа [1]:

Բարև «Հինգշաբթի» երեկոյին1։

Հասցես–Абастуман:

Ձեր Հովհ. Թումանյան

183. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 19 սեպտեմբերի, Աբասթուման

Սիրելի Օլյա,

Շուշանը կամ Մարուսյան երևի արդեն քեզ հանդիմանել են նամակ չգրելուդ համար։ Հիրավի, այդ ի՞նչ կնշանակի, գալու ժամանակ ասում եմ նամակ գրիր, որ գնամ այնտեղ ստանամ, գալիս եմ, երեք նամակ եմ գրում և միայն երրորդից հետո ես ջափա քաշում1։

Վերջին օրը սաստիկ նեղացած էի. Շուշանը չէր իմանում ինչպես մխիթարի, ես էլ չէի իմանում ինչպես ուրախանամ։ Նրանց գալու մյուս օրն ստացա2։

Աշխենի պոստ–կարտն էլ եմ ստացել3, թող շուտ-շուտ գրեն։ Հարցնում ես, թե ինչ կնշանակի, որ ասում եմ Բորժոմ կողոպտեցին, այդ կնշանակի սաստիկ թանկ նստեցրին, մանավանդ Բակուրիան։

Շուշանր եռանդով աշխատում էր այն մի շաբթում ինձ չաղացնի։ Տանը շարունակ ստիպում էր ուտեմ, այստեղ չտեսնեմ, այնտեղ չնստեմ, դուրսը չէր թողնում պալտոյիս կոճակը բաց անեմ։ Չհավատաց, թե ֆուֆայկա չեմ հագնում, գալու ժամանակ գնացել է երկու ֆուֆայկա առել, մի քանի զույգ տաք գուլպաներ, իր մետաքս վերմակը թողել մոտս, թե կմրսես, բարձն էր թողնում, թե քոնը փոքր է,

  1. Ինչպես իր՝ Հիսուս Քրիստոսի ծոցում։