Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանից երևում է, որ դու ճնշվել ես ու ստիպված ես համաձայնել։ Ես համաձայն եմ քեզ հետ, գիտեմ, որ դու չէիր ուզենալ։ Նախ, ծանր է իրար գցել այդքան երեխաների հոգսի հետ։ Երկրորդ, առանց այն էլ մենք ուրիշի պովարի մուննաթի ենք, սեփական պովար չունենք։ Երրորդ, չենք կարող պովար բռնել, դու էլ չես կարող պատրաստել, ահա մի քանի ժամանակ պատրաստելուց հետո կրկին բորբոքվել է երեսդ։ Չորրորդ, միշտ դեպք է լինում, մանավանդ այժմ կարող է լինել, որ ես հեռու եմ, պակասություն այս կամ այն բանի, պակասություն փողի, այնինչ, եթե մեկին հանձն ես առնելու կերակրելու, պետք է ամեն բան իր տեղն ու ժամանակին անես։ Հինգերորդ, որ դու չէիր ուզում մենակ մնալ նույնիսկ ձեր տանը՝ տերտերի հետ։ Իհարկե, ոչ մի բանի վտանգ ու խոսք չի կարող լինել, բայց անշուշտ դու քաշվում էիր, թե կարող են խոսել. և այժմ, երևի այդպես ես մտածում, թե ավելի կարող են խոսել։

Իրավունք ունես։ Եվ եթե խոսեն, իհարկե, ուշ կլինի և շատ վատ կլինի։

Դու, ինչպես գրում ես, ճնշվել ես ու ճարահատված համաձայնել, մտածելով, թե իրավունք չունես քո տանը քո կամքով ապրելու, իսկ նրանք ոչինչ չեն մտածել, թե անհարմար կամ ծանր կարող է լինել։ Այս ինձ մի քիչ զարմացնում է։ Միակ հարմարությունը, որ նրանց իրավունք պետք է տար, այդ այն է, թե շատ սենյակներ ունեք։ Ինչպես և եղել է իսկապես։ Բայց մնացածը, որ բոլորը անհարմարություն է, ինչպես ոչ մեկը նրանք չեն մտածել։ Գուցե նրանք կարծում են, թե դրանով մեզ օգնում են։ Այդ արդեն ծիծաղելի կլիներ։ Իսկ եթե Շանթին են օգնում, նրա համար պետք է որ մին լինի, և մինչև անգամ մի ուրիշ տեղ գուցե ավելի գերադասելի։

Կրկնում եմ, ինչպես գրել եմ և անցյալ նամակում։ Եթե ես Թիֆլիս լինեի, Շանթին, պարզ բան է, չէի թողնիլ հյուրանոցն իջներ, կբերեի ինձ մոտ և կմնար մինչև գործ էլ գտներ, տեղ էլ։ Ես կանեի ու կտանեի ամեն դժվարություն,