Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

198. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 21 հոկտեմբերի, Աբասթուման

Օլյա ջան,

Անշուշտ, ամենից առաջ կուզես առողջությունս իմանալ։ Այժմ լավ եմ և կարողանում եմ քնել։ Բժիշկը նորից քննեց, գտավ, որ թոքերս բոլորովին առողջ են, ոչ մի անքնություն չի կարող վտանգ սպառնալ. ասում է՝ մի տաս օր էլ կաց, եթե կարող ես։ Նա կարծում էր, թե այժմ արդեն գալիս եմ։ Դարձյալ արգելեց պարապելը, ասում է միանգամայն բուսական կյանք պիտի վարես։ Ես չեմ կարող, իհարկե, բուսական կյանք վարել, բայց արդեն բուսականի փոխանակ կուսական կյանք եմ վարում, որ քեզ համար ավելի ցանկալի պիտի լինի։

Ժամանակս էլ լավ է անցնում, արդեն շատ ծանոթներ ունեմ։ Երեկ էլ ճաշին Թումանյանների մոտ էի հրավիրված, իրիկունը՝ Շխյանների, ունեմ ռուս ու վրացի ծանոթներ, մի խոսքով, կատարվեց քո մարգարեությունը, թե՝ Աբասթումանի ծառերից էլ քեզ համար ընկերներ կստեղծես։

Շատ ուրախ եմ, որ օրիորդ Վարդուհու1 հետ քննադատություններ եք անում և գալիս այդքան բարոյական եզրակացությունների։ Հարգելի օրիորդը խանդով լռում է, ինձ նամակ չի գրում, երևի, կարծում է «իրավունք չունի»։ Ես էլ աղոթում եմ, որ միշտ այդպես մնա։

Շանթի մասին ահա թե ինչ կասեմ։ Ուրախ եմ, որ այդպես աշխատում ես գոհ անել, որպես իմ լավ ընկերոջը, և, անշուշտ, այդ քեզ համար բավական չարչարանք կլինի։ Նրա վճարի մասին ոչ մի խոսք չլինի քո կողմից և նայիր նրա վրա, ինչպես հյուրի վրա։ Որովհետև, և մեզ արդեն առաջուց հայտնի պատճառներով, անհարմար է нахлебник պահել, և նա չի կարող մնալ այն ղալմաղալի մեջ, որ կլինի իմ գալուց հետո։ Երևի շուտով գործի կմտնի։ Մի խոսքով,