Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

248. ԱՆՈԻՇ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Շուլավեր

<1903>, հուլիսի 30, Աբասթուման

Անուշ ջան, էս մի քանի օրը մայրիկը կգա ձեզ մոտ։ Բարևիր Մեծ բաբոյին ու ծանոթներին։ Նամակ գրիր։ Հետո ես էլ երկար կգրեմ։

Համբուրում եմ՝ հայրիկդ

Mile Ануш Туманян,

Шулаверы

249. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1903, հուլիսի 30, Աբասթուման>

Սիրելի Ֆիլիպ,

Ինչպես քեզ գրել էի, ես հետս փող ունեի և կարծում էի հերիք կանի, բայց չէի երևակայել սենյակների այսպիսի թանկություն, և այժմ հաշիվներս այնպես են, որ պետք է մի 25 ռուբլի ղրկես։

Մի սենյակը 70—250 ռ. սեզոնը։ 250 ռուբլիանոց և նմանները ես, իհարկե, լայաղ չարի մինչև անգամ նայելու, իսկ 70 ռուբլիանոցները և 80 ռուբլիանոցները կամ խոնավ էին, կամ մութն ու նեղ, կամ լվացք անողի հետ։ Սակայն ինձ հաջողեց, 80 ռ. մի գերմանացու սենյակ վարձել, մի շատ լավ ծերունի, որին ամեն անգամ պատահելիս կարծես թե վաննա եմ ընդունում, այնպես ջղերս հանգստանում են։ Ճաշ էլ է տալիս (իհարկե, առանձին վճարով), շատ էժան և շատ մաքուր։ Պետք է ասել, որ բացի սենյակներն, այստեղ ամեն բան էժան է։ Սենյակը, այնպես պայմանավորվեցինք, որ ամսով հաշվենք, եթե, օրինակ, հուլիսի վերջին դատարկեմ, միայն 40 ռ․ եմ վճարում, եթե մինչև անգամ կիսին՝ 20 ռ․։ Եվ ինքն է այսպես պայման առաջարկում։