Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետերբուրգից բանաստեղծություն էին ուզել։ Երկուսը ղրկել էի. այսօր լրագրում հայտ <արարության> մեջ կարդացի, որ ցենզորը մինը բռնել է։ Շատ ցավում եմ7։

Այստեղ լուր բերին, թե մի քանի հայեր Հայրիկի վրա քարեր են գցել։ Խեղճ մարդ։ Ուզում եմ նամակ գրել8։

Այստեղ նամակս ընդհատեցի, մի քիչ նախաճաշիկ արի։ Համ էլ մոռ բերին ինձ համար, մինչև անգամ դատարկելիս մինն էլ նամակի վրա ընկավ։

Շուշանից նամակ ստացա, ասում է, ինչո՞ւ իրեն նամակ չեմ գրում։ Գրեցի9։ Շանթից նամակ ստացա—սպասում է կնոջը10։

Ես շատ լավ եմ. չաղացել եմ։ Պետք է ասեմ, որ առհասարակ շատ եմ ուտում։ Հույս ունիմ, որ դու էլ կաշխատես, որ թե ինքդ և թե երեխաները լավ սնունդ առնեք ու չաղանաք11։

Վերջին ժամանակներս բոլոր ամառանոցները բռնել են և այլևս դատարկ ամառանոց չմնաց։

Այդտեղ երևի իմացար, որ Եգոր Ֆադեևիչի՝ Խանաղյանի տղեն մեռել է12։ Հեռագիր տվի իր ժամանակին։ Գալու ժամանակ էլ Բորժոմի կայարանում հանդիպեցի Խանաղյան Սարգսին (դու չես ճանաչումի իրենց շատ մոտիկ մի բարեկամ ընտանիքի հետ գալիս էին Աբասթումանից։ Հարցնում եմ, թե ինչ էիք շինում այնտեղ։ Ասում է՝ երեկ ամբողջ օրը քեզ էի հիշում։ Ասում եմ՝ ինչո՞ւ։ Թե՝ այս կինը իմ, չգիտեմ ինչն ասավ։ Սրա աղջիկը գիմնազիան ավարտած, մի կրթված, հրաշալի աղջիկ, հանգ<ուցյալ> Տելեմաքի հետ սիրահարված էր, իսկ անցյալ տարի, գրեթե, նշանվեցին, խոսք տվին իրարու։ Կարճ ժամանակից հետո եկավ Տելեմաքի մահվան լուրը։ Սա էլ հիվանդացավ։ Մի քանի ամսից հետո երևաց, որ թոքախտ է ընկել։ Բժիշկները ղրկեցին Աբասթուման։ Մի քանի օր առաջ լուր առանք, թե հիվանդ եմ, եկեք։ Մայրը, քույրերը, եղբայրը, ես վեր կացանք եկանք։ Առանք բերինք Ալեքսանդրապոլ։ Ճանապարին, Ախալցխայից երեք վերստ մնացած, մեռավ մոր գրկին։