Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիրակի օրն այստեղ հոգեհանգիստ կատարեցին։ Մոսոն էր գործի գլուխը կանգնած։ Խեղճ տեր Պեպոլեին ստիպեցին՝ նա էլ դողդողալով եկեղեցում խոսաց՝ է՛լ կրոն, է՛լ՛ ազգ, եկեղեցի, իրար խառնեց, Վարդանանց պատերազմը հրատարակեց, իրան շինեց Եղիշե, Մոսոյին՝ Վարդան ու… սյունի տակով փախավ՝ ինքն իրանց տուն, Մոսոն էլ բաղը… իմ զոնտիկը բարձր բռնած իբրև դրոշակ ու հարձակվեց խաղողի ճութերի վրա, միշտ հանդիմանելով ինձ, թե ինչու եմ հակառակ, երբ որ… ինքը խաղող է ուտում։

Վարդանանց պատերազմից գանք քու մոր չիքիլին։ Ասում է՝ ղրկիր չիքիլես կարզինկեն և ուստեքի համար երկու ֆարթուկ։ Նանին ու Վահանին բարևիր. Վահանին ասա հանգիստ կաց քեզ համար, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում։ Քանի որ իսկի մի վատ բան չկա՝ իրեն համար ավելի ազատ ապրում է5։

Ծանոթացանք մեր տան տիրուհու հետ։ Ուրախ օքմին է: Իրիկունս էլ ինձ խաղողի հրավիրեց։ Բայց դրանով ի՞նչ…

Բարևում է քեզ։ Եվ առհասարակ ծանոթներդ բարևում են։ Իմ սիմպատիայի հարևանուհի օր. Աբիսողոմյանի մոտ մի գիրք կա՝ «Немецкие поэты»[1], գալու ժամանակ հետդ բեր։ Բայց չէ, կարծեմ ավելորդ կլինի, զուր մի բան էլ կավելացնեմ բեռանը։

Այստեղ շատ ծիծաղելի բաներ են անց կենում, բայց հետո կպատմեմ։

Կարծեմ բավական էր։

Համբուրում եմ քեզ ու երեխաներին։ Երեխաներն ևս այժմ քնում են ղալմաղալով։ Այսօր Համլիկի ու Նվարդի համար էլ ոտնամաններ եմ առել։ Դու չղրկեցիր։ Երեկ կակալը թափեցինք, ամբողջ օրը Համլիկը բոբլիկ վազվզում էր։ Այսօր էլ Նունիկին հրավիրել էին Միրաքանք, այսինքն՝ մեր տան տերը, իսկ երեկ՝ մյուս երեխաներին։ Այսօր Նունիկին մեկը բաղն է հրավիրել, դեղձ ու խաղող տվել, ասել է էգուց էլ մեծ աման բեր. չգիտենք ով է։

  1. «Գերմանական պոետներ»։