Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեռու եմ քո անկեղծ ընկերական առողջամիտ խորհուրդներից, ափսո՜ս, չունեմ ուրիշ մի ընկեր, որ քեզ փոխարիներ. այս իմ սրտիս վկայությունն է և պարզ խոստովանություն։ Ես ներում եմ քո պակասությունը՝ նեղսրտությունը, որ երևում է և այս նամակում։ Գրում ես, թե քո խորհուրդներդ գրքերիս մասին հեչ են անցկացել և զանազան Աղայանցներ, ուսանողներ են մեյդան մտել։ Ուզում ես քեզ ասեմ շնորհակա՞լ եմ կամ թե քո մասին քեզ հաշիվ տամ. ես չեմ հասկանում։ Իսկ եթե ուսանողների և Աղայանցի մասին մի բան եմ գրել, այդ նրանց մասնավոր կարծիքն է իմ բանաստեղծություններիս մասին, ուրիշ ոչինչ2։ Կամ թե ինչպես են հեչ անցկացել քո խորհուրդներդ, եթե ինչ որ ասել ես այն եմ արել — երկուսն էլ գրում ես։ Գրքերս սեպտեմբերի վերջին պատրաստ կլինեն, ցենզորը բան չէ ջնջել։

Այս ձմեռ մի ուրիշը տպագրել կտամ, որ անհամեմատ բարձր կլինի սրանից3։ Այն շրջանում, ուր մուտք են գործել բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք և հարգանք եմ նկատում դեպի ինձ, բայց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այս վերաբերումներին։ Չգիտեմ, կարդացի՞ր «Աղբյուրում» տպած բանաստեղծությունս (որի մասին գրել եմ)։ Այդ բանաստեղծությունը գովեստներ կուտեց գլխիս, սակայն Աղայանցը բավականին փչացրել էր. չգիտեմ դա ինչու է միշտ իրան օրենքներով ուրիշի վանքը մտնում4։ Գրքերիս համար արդեն յոթանասուն ռուբլի ուղարկել եմ, նույնչափ էլ պիտի ուղարկեմ5։

Եղիա Զոհրաբյանի մասին ես գրում, թե նա ինչ է ասում քո բանաստեղծությունների մասին։ Ի սեր աստծո, դրա ոչ հա-ին հավատա, ոչ չէ-ին. հոռետես է կատարյալ և ապուշ։ Տես ինչ պատահեց. այդ մարդն եկել էր այստեղ։ Կոնսիստորի բակում շրջում էր, ես չէի ճանաչել, իսկ նա տղերանցը (ուսուցիչներ են գլխավորապես, որ այդ ժամանակ՝ օգոստոսին, հավաքվում են գլխիս) հայտնել էր, թե ինձ ճանաչում է, այն էլ «լավ է ճանաչում»։ Բայց երևի սպասում էր,