Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրիր, տեսնեմ, ոնց եք ապրում, իսկ ես խոստանում եմ մինչև նամակիդ ստանալը քեզ պատասխանը գրեմ։

Ստացա քո ղրկած, չգիտեմ ինչը, որովհետև բոլորը ձեռքիս են, բայց ոչ մեկը չեմ հավանում. աշխատիր այնպիսի բան ղրկել, որ հավանեմ2։ Ասում եմ ոմանց հետ արագ թռչելու փորձեր ես անում, ա՛յ մի բան, որի բոլորովին հակառակն էր հարկավոր, ոչ թռչել, ոչ ման գալ, ոչ էլ կանգնել…

Համբուրում եմ՝
Քո Օհանես
263. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս–Բորժոմ
<1903, նոյեմբերի կեսեր, Թիֆլիս>
Սիրելի Ռուստեմ,

Ստացա քու ղրկած բաց . . . . , որոնցով սպառնում ես, ինձ ռմբակոծել1, եթե նամակ չգրեմ։ Կաշխատեմ նամակ չգրել, ռմբակոծիր, որքան քեֆդ կտա։ Լավ ռումբեր ես գտել։ Բայց դու գիտես էն քոռի առակը, որ ասում է՝ իմ առաջը որ էսքան եք դրել, ով գիտի դուք ինչքան եք ուտում։ Մի խոսքով՝ քեֆ արա, ախպե՛ր։

Այստեղ առայժմ երկու նշանավոր նորություն կա, մին Թիֆլիսի մի քանի թերթերն («Մշակ», «Новое обозрение») են փակել երկու ամսով2, մին էլ Յուզյան ինձ վրա բարկացել էր-հաշտվեցինք։ Թե մեզանից հարցանեք և այլն։ Գիրքն առաջ է գնում. բաժանորդները՝ ետ3։ Ռումբերիդ հնազանդ սպասելով և համբուրելով (քեզ, ոչ թե ռումբերը)՝

Քո Օհանես