Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճանապարհին ուրախ եկանք, թեև իսկի ուրախանալու տրամադրություն չկար մեջս։ Տիկին Մայսուրյանը հիացած էր մեր ձորերով և շարունակ ամեն մի գեղեցիկ ժայռ, գետի մի գեղեցիկ կտոր տեսնելիս ճչում էր՝ «վա՜յ ես մերա…»

Վարյայի հայրենակից մի շատախոս ջահել վաճառական էլ հետս ծանոթացավ և շարունակ գլուխս տանում էր (Վարյայի նման), թե ինչ քեֆեր անել գիտի, թե ծանոթ է այսինչ դերասանի հետ, և, վերջիվերջո, թե ուզում է ինձ և դերասաններին, որ այստեղ են, մի քեֆ ցույց տալ։ Երեկ առավոտյան եկել էր մոտս-տանը չէի եղել, այսօր էլ ճաշի է հրավիրել, բայց չկարողացա մարդու հրավերքին գնալ, և փոխանակ շնորհակալ լինելու և հիանալու, ինչպես տեսնում ես, բամբասում ու ծիծաղում եմ վրեն։

Աշխարքը լիքն է ապերախտությունով։ Իջած եմ Գարեգին վարդապետի մոտ2։ Հենց առաջին օրը ճաշին 6 վարդապետ կային։ ճաշում ենք առաջնորդարանում և բոլ իշխան ենք ուտում։ Գալուս օրն ևեթ կառքով ման ածին և ցույց տվին քաղաքի նշանավոր հիշատակարաններն ու հնությունները։ Շատ հետաքրքրական է Երևանի խանի պալատը, որից այժմ մնում են գլխավոր դահլիճր և երկու փոքրիկ սենյակներ՝ ամբողջը նկարազարդ, ու փոքրիկ հայելիներով շինած առաստաղն ու պատերը։ Այդ փոքրիկ սենյակներից մեկը, որ շատ փոքր է, մի մեծ սնդուկի նման, գլխավոր դահլիճից մի դուռն է տանում այնտեղ, այդ դուռն էլ ինչպես երևում է խանի թախտի կողքից է բացվում, իսկ գույնզգույն ապակիներից կազմած լուսամուտը նայում է Հրազղանի ձորին ու Արարատի դաշտին, ասում եմ այդ փոքրիկ սենյակը, ինչպես պատմությունից երևում է, շատ անիրավություններ է տեսել։ Երկրի ամեն կողմերից բերում էին գեղեցիկ աղջիկներ ու տղաներ, ներկայացնում էին խանին, և խանը, որին հավանում էր, ներս էր տանում այդ փոքրիկ սենյակը3։

Այնուհետև տեսանք հարեմը-փոքրիկ կամարակապ խցերի փլատակները, տեսանք հին ու նոր մզկիթը4 և այլն և այլն։