Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ ուրախացա քո նամակիդ վերջաբան ոտանավոր պատասխանովդ, վերջին երկու տունը հավանեցի, որոնք իբրև «հույս» պատասխանում են իմ «թախիծին», իսկ մնացածը միևնույն է, թե հիվանդին ասես մեռիր կամ անպատճառ կմեռնես9:

Չգիտեմ այս մի քանի տողումն ինչ գրեմ։ Հռչակավոր Խորեն Նարպեյն այստեղ է. անիծվի դա իրան հռչակովը, քարոզ խոսաց, պատարագ արավ, զահլեներուս տարավ10։ Հիմա էլ հետ է ընկել, որ կիրակի օրը խոսա (գոնե մեզ խղճար), որ ցույց տա, թե անցյալ անգամ հիվանդ էր, թե չէ… Ասում է «էս չէլավ, մի ուրիշը բերեք» (երեխա մկրտող քահանայի առակը)։ «Նոր դարին» հաղորդեցի, որ մնում է դարձյալ քարոզելու, շատ ծիծաղեցին11։ Հա, նամակն ինչո՞ւ ես Մկրտիչի հասցեով գրել, բերել են քաշել և խեղճիցը 14 կոպեկ էլ ավել առել։ Շուտ-շուտ նամակ գրիր։

Բարակ թղթի վրա գրիր, տո՛, ինձանից էլ չառնեն, պարտքի տակ կընկնեմ…

Շատ բան մնաց գրելու։ էն էլ դու գրիր։

Քո Հովհաննես Թումանյան

Հ. Գ. Առավոտյան, 29 ս<եպտեմբերի>։ Սիրելի ընկեր, դեռ նամակդ չփակած ծրարում, «հրավեր մարտին որոտաց». նամակ ստացա, որ հոկտեմբերի 15-ին ներկայանամ զինվորագրական ատենին։ Ա՜խ, Օլես է իմ ցավս, թե չէ ես սիրում եմ զինվորի պաշտոնը։

Քեզ վրա մի ոտանավոր նամակ ունեմ, կորոնեմ, կուղարկեմ12։

Երանի տեղ լիներ, գրեի այսօր (մի ժամ առաջ) գրած մի հրաժեշտի ոտանավոր կնոջս ուղղած13։

Մկրտիչն ասաց, որ քեզ գրել է, թե Հովսեփ Արղությանցին սպանել են. սուտ է բոլորովին, ես ընկ<երության> մեջ եմ։

Հ. Թումանյան