Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղլտճյանը 5 ռուբլի էր ուղարկել բաժանորդաթերթի հետ։ Առաքելյանը, Աղաբալյանն ու Վանցյանն էլ խոստացել են շուտով ուղարկել։

Այսօր էլ ստացել եմ վեց նամակ, որոնց<ից> մեկը քոնն է։

Ես նկատում եմ՝ ֆիզիկապես բավականին ընկել եմ, մանավանդ այս վերջին օրերս, իսկ բարոյապես դեռ ընդդիմադրում եմ շրջապատող հանգամանքներին, և քեզանից է կախված հաղթանակը…

— Վերջապես, չեմ ուզում ասել, բայց համբերությունս հատավ, շուտով արի. եթե ուշանաս, ես գրքերի բանը մի խումբ տղերանց կհանձնեմ և գյուղը կերթամ։ Շատ ուրախ եմ, որ ձեզ այդքան հյուրասիրում են ձեր բարեկամները, բայց թող այդ խնջույքները չլինեն ձեր ուշանալու պատճառը, եթե իրավունք կտաք այսքանն ասել…

Ինչպես երևում է, Շաքարը բաղերը քաղել, գինին քամել է, պրծել և այժմ ուրիշ բան չունենալով խաղ է անում։ Նշանել էր պրծել, հետ ուղարկեց նշանը, այժմ ուզում է կրկին ընդունել։ Ինչո՞ւ հետ տվեց և նրանից հետո ինչո՞ւ է ընդունում։

Մեխակի աղջիկը մեռավ։ Երեկ մի ծիծաղ բան պատահեց. մի բացանողի պատահեցինք մի տեղ, ինձ համար բաց արավ և ասաց, որ քո կինը հղի է և մի շատ սիրուն (էլ չեմ հիշում ինչ) տղա կծնի։ Զարմանալի բան է, ես իսկի չգիտեմ, թե ինչ կա, նա ինձ հավատացնում է, որ տղա է։

Վերջ ամենայնի, մի խոսքով՝ գալի՞ս ես, թե չէ։

Քո Հովհաննես Թումանյան

<Հ. Գ.>

Ուրիշ բան չկարծես։ Նրա համար եմ ասում՝ արի, որ շատ տխուր եմ և անհանգիստ։

Արդեն ժամի 12-ն է գիշերվան, միայն ես ու տատդ ենք տանը և շատ տաք-տաք խոսակցության մեջ ենք։