Առաջին նամակը Ավետիսյանին Թումանյանը գրել է 1890 թ. հունիսի վերջերին կամ հուլիսի սկզբներին և Մոսկվա ուղարկել «Բանաստեղծությունների» առաջին գրքի ձեռագիր տետրի հետ (Աբովյանին ուղղած հուլիսի 6-ի նամակում Թումանյանը գրում է. «Իմ տետրակն արդեն ուղարկված է Մոսկվա՝ տպագրելու»)։ Ավետիսյանն իր պատասխան նամակում (հուլիսի 10-ի) գրքի տպագրությանը վերաբերող գործնական տողերից հետո վերջում գրում է. «…արդյոք, ինչպե՞ս է շարունակվում ձեր ընկերության գործը կամ թե գոյություն ունի՞, թե ոչ, խնդրեմ գրես» (ՈւՀ 4, 262)։ Անշուշտ, այստեղ նամակագիրը նկատի ունի «Երիտասարդ Հայաստան» խմբակը։ Այդ նամակին Թումանյանը պատասխանել է՝ գրելով արդեն նորաստեղծ դաշնակցական ընկերության և իր՝ այդ ընկերության անդամ լինելու մասին, քանի որ օգոստոսի 6-ի նամակում Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Թումանյանի տված տեղեկությունների համար և հարցրել. «…Արդյոք, նոր ընկերության մեջ թասիբ կա՞, թե ոչ. խնդրեմ գրես» (ՈւՀ 4, 266)։ Եթե Ավետիսյանը պատասխանել է օգոստոսի 6-ին, ապա Թումանյանը նրան այդ տեղեկությունը հաղորդած պետք է լինի հուլիսի վերջերին դրած նամակում։ Այսպիսով, դաշնակցությանը (որի հիմնական կորիզը «Երիտասարդ Հայաստան» խմբակն էր. տե՛ս Լեո, Անցյալից, էջ 87) նույնպես Թումանյանը անդամագրվել է հիմնադրության օրից։
Իր՝ օգոստոսի 25-ի նամակում է. Ավետիսյանը հետաքրքրվում է «վերջին անցքերով», տեղեկություններ խնդրում «մեր տղերանց մասին» (ՈւՀ 4, 267)։ Այս նամակին Թումանյանը պատասխանել է հոկտեմբերի 4-ին՝ իր առաջին գրքի ազդանմուշները ստանալուց հետո, երբ պետք է իր շնորհակալությունը հայտներ Ավետիսյանին՝ գրքի տպագրության ընթացքում ցուցաբերած ջանքերի և հոգատարության համար։ Հոկտեմբերի 22-ի նամակում Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնում այսուհետև նույնպես ծառայելու մի մարդու, «որը հոգով ու սրտով նվիրված է հայրենիքի շահերին… Հայրենիքի, որն այսօր երկունքի մեջ է և դառն արտասուք է թափում…» (ՈԻՀ 4, 276)։
Այս տպավորությունը, անշուշտ, Ավետիսյանը ստացել էր Թումանյանի ոչ միայն հայրենասիրական բանաստեղծություններից, այլև այն հանգամանքից, որ երիտասարդ հեղինակը հարում էր գաղտնի քաղաքական կազմակերպության և քաջատեղյակ էր հայրենիքում տեղի ունեցող դեպքերի ընթացքին։
Նոր ընկերությանը հարելու մասին մի ակնարկ էլ կա Աբովյանին ուղղված 1890 թ. հոկտեմբերի 14-ի նամակում (տե՛ս № 19 նամակի № 3 ծանոթագրոլթյունը)։
Թե որքան է բանաստեղծը մնացել այդ կուսակցության մեջ, դժվար է կռահել, այդ մասին որևէ փաստ առայժմ չունենք։ Հայտնի է, որ 1893 թ.