Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրա-նրա մոտ. դուն ինձ համարձակություն շնչեցիր իմ անվարժ քնարով հրապարակ մտնելու, որից ես այնքան պատկառում էի, բայց որ սիրում է<ի> բոլոր սրտով։ Իրավ է, մի խումբ երիտասարդներ—ընկերներ ինձ քաջալերեցին, սակայն նրանք ինձ տաճարի մուտքում հանդիպեցին։ Գիրքն ստանալուն պես կուղարկեմ։ Թուղթն ու տիպն էլ խոսք չունի. 98 երես է։ Աչքից թռած մի քանի սխալները ներելի են։ Պատրաստում եմ II հատորը, որ սրան թե որակությամբ թե քանակությամբ կգերազանցի։ Ափսոս այստեղ չես, ոչ մեկի մոտ այնպես սրտալի չեմ կարդում, ինչպես քո մոտ։

Հոգևորականները գրքիցս հետո հիասթափված են իմ վերաբերությամբ11։ Մի բան, որ վնասում է տպավորության լիամասն լինելուն, այն է, որ շատ անմշակ են և սկզբնական ձևի մեջ։ Զինվորագրությանս վիճակահանությունն ստուգեցի, ամսի վերջին է, գուցե ես չգնամ։

Ուհիս և թագաժառանգս այսօր կամ վաղը կգան, ես նրանց խոնարհաբար կմատուցանեմ ողջույնդ, առայժմ ինձ մոտ է։

Ադա, էդ կշտիդ լոռըցիք էդ ո՞վ են։ Էդ հառամզադենին տավարն անդեր թող են արել ըտեղ ի՞նչ են շինըմ։ Կարըմ՝ չե՞ս դրանց մի ասես ա՛ շուն, ոչխարդ ո՞ւր են… Ասըմ են դրանցից մինը (ինքը կիմանա) եկել ա թե, Ռուսեթ էս տեհա, էն տեհա… բիլուրի[1] մինը էն կռնիցը թե՝ ադա թատրոնն էլ տեհար. թե՝ ոնց չէ, գնացի, ամա էն շան տղեն տանը չէր… Մեկել օրը գնացի Լոռուցը բերած սալդաթներին թամաշա. հմի խաղացնում են, խաղացնողը, որ անցյալ տարվան տարածներիցն ա, ձեն ա տալիս, սըմիրնա՛, և տեսնելով, որ սըմիրնեն հետևանքին չհասավ, բարկանում է. «ես ասըմ եմ սըմիրնա, դուք հլե ըսենց եք անըմ (ձեռքով երեսն է շփում կամ գլուխը քորում), էլ ձեզ հետ ինչ խոսամ» և ձեռքը ծուլ անելով երեսը շուռ է տալիս խռովում։

  1. Միամիտ։