Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



20. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս–Կամենեց-Պոդոլսկ
1890 թ., 1 նոյեմբերի, Թիֆլիս
Անուշավան ջան,

Այսօր ստացա այս վերջին փոքրիկ նամակդ։ Սրա նախորդի հետ ստացա պատկերդ, այն էլ փոքրիկ էր1։ Այս վատ նշան է, նամակներդ փոքրացել են։ Պատկերդ «ընթավուր» վարդապետի նման աչքով է անում։

Դեռ պատասխանեմ հարցերիդ, որոնք այդքան կարևոր են քեզ համար։ —Չայնիկին հայերեն, ինչպես գրել ես, թեյաման են ասում, եթե երբևիցե բարեհաճում են հայերեն անվանել, մանավանդ որ սա մի նորամուտ իր է և բառ, ուրիշ անուն չկա, ով ղոչաղ է թող հնարի։ Իսկ ինչ վերաբերում է «հավատո վեմի» նշանակությանը—նրան քրիստոնեական «հավատո նշանակ է» ընդունում մեր եկեղեցին2, ըստ որում, ասված է «…և վեմն է ինքն Քրիստոս»3, հետևաբար առանց Քրիստոսի եկեղեցի չկա, իսկ առանց եկեղեցի պատարագ չի լինիր: Մեր եկեղեցին ընդունում է պատարագ անելը բացօթյա, պատերազմի ժամանակ վրաններում, ինչպես արավ Վարդան Մամիկոնյան սպարապետը, բայց ոչ առանց օծյալ վեմ քարի4։ Դարձյալ մեր եկեղեցին զանազանվում է հունադավան եկեղեցուց մի քանի արարողություններով, որոնցից գլխավորներն են՝ նրանց խաշով նշխարը, որ մերն անխաշ է. և մերն է ուղիղը, որովհետև նշխարը Քրիստոսի մարմինն է, իսկ նա անսերմ գոյություն էր, նույնիսկ ինքը անխաշ բաղարջ կտրեց ասելով—«առե՜ք կերեք, այս է մարմինն իմ» և այլն5, որ նրանք գինուն ջուր են խառնում պատարագի ժամանակ, իսկ մենք զուտ գինով ենք կատարում, ջուրը մկրտության խորհուրդ ենք ընդունում. նրանք ասում են սուրբ հոդին բխում է հորից և որդուց մենք ասում ենք միայն հորից է ծնում և երգում է մեր եկեղեցին «՚ի Հորէ բխումն՝ փառակից որդւոյ՝ հոգիդ անեղ»,