Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես չեմ ուզում գրել բոլոր ճանապարհորդությանս մասին, երրորդ օրը հասանք Ջալալօղլի. իսկույն ձի պատահեց, ես բարեկամներիս խնդրքին չզիջա, ճանապարհ ընկա դեպի մեր գյուղը, սակայն դարձյալ հյուր մնացինք Վարդաբլուր։ Հուլիսի 7-ին մեր գյուղը հասա։ Մայրս սարն էր գնացել, բանից երևաց, որ ոչ թե ինձ, այլ քեզ և երեխանցն են ավելի սպասելիս եղել, կգամ կպատմեմ, թե ինչպես։ Ես շատ լավ եմ, թեև քիչ մրսեցի, ադեյալն իսկի չի հարկավորում։ Այսուամենայնիվ, ուրախությունս թունավորված է. երբ որ հարկավոր է ուրախանալ, սիրտս տխրում է։ Սրտիս հուզմունքը և տանջանքը թեև նամակիս նյութ չեմ առնում, բայց խիստ տանջանքի և կարոտի րոպեին չեմ կարող այստեղ չբացականչել… «Արի դարձյալ, որ առանց քեզ կյանքը դառն է և անձուկ…»1։

Քեռ համար գաթա, մեղր ու ղայմաղ[1] ուղարկելը չեմ մոռացել. մայրս այս երկու օրը կգա, հետո. դեռ նոր եմ իմաց արել։ Ինձ, սաստիկ ցրտերի պատճառով, չեն թողնում սարը գնամ։ Մի սոխակի ճուտ ունեի, հիանալի էր խոսում, նույնպես և առաջին որսս՝ մի աղավնի, կատուն տարավ Իսկուհու շնորհիվ։

Թե որ դուք ուրիշ տեղ գնաք՝ ինձ գրիր, գրիր նույնպես, թե տերտերը ե՞րբ կգա Լոռի2. բարևիր տերտերին, մայրիկիդ, Թագոյին, Արտուշին, բարեկամներին և հարևաններին։ Մեր Եղիսաբեթի մոտ գնալիս իմ կողմից և մեր տանցոնց կողմից մի մեծ բարև տար և բոլորին էլ բաժանիր։ Ասա, որ չկարողացա հորաքրոջս տեսնել. մի նամակը տվեցի Արությունին, իսկ փեսեն բաղնիս էր գնացել։

Ապրեսյանցին սրա հետ նամակ եմ գրում3, գրում եմ, որ վաճառելու գրքերը մինչև իմ Թիֆլիս գալը չուղարկի. եթե ուղարկի, բաժանորդներինը կուղարկի, որոնցից կտաս Դավթին երկու հատ, մեկն իրան, մյուսը Գյուլնազարյանցին, իսկ երրորդը տեր Գեորգին պետք է հասնի։ Փողերը դու կստանաս։

  1. Սերուցք։