Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես էլ, որպես տեսնում եմ, երկար չեմ կարող մնալ, չնայելով շրջապատված եմ մեր ընտանիքով, ազգականներով ու բարեկամներով և ամեն մի զվարճություն չի պակասում։

Մուշեղին և Աշխենիկին համբուրիր իմ կողմից և լավ նայիր։ Կարոտալի բարևում են մեր տանըցիք և ազգականները։ Տերտերն4 էլ ուրիշ տեղից եկավ և դարձյալ ուրիշ տեղ գնաց։

Օլա ջան, շուտ-շուտ նամակ գրիր, ամեն րոպե սպասում եմ։

Քո Հովհաննես


<Հ. Գ.> Այցետոմսեր գրեցի Ջալալօղլուց քեզ ու Արամի վրա, ստացա՞ք, թե չէ5։

31. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Դսեղ–Թիֆլիս
1891 թ., հուլիսի 20, Դսեղ
Օլա ջան,

Եթե Ջալալօղլուց գրած այցետոմսը չհաշվենք1, երկու նամակ եմ գրում սրանով դեռ քեզանից ոչ մի նամակ չստացած։ Գուցե չգիտես, թե քո նամակը ինչ է ինձ համար, այդ պատճառով ես այդքան անտարբեր, սակայն դարձյալ հուսով եմ, որ շուտով քեզանից նամակ կստանամ։

Հենց այս րոպեիս եկանք հանդից. գնացել էինք մոռ քաղելու (малина)։ Շուտով վերադարձանք, որ քեզ համար մայրս գաթա թխի, և այս նամակը գրելու ժամանակ ահա պատրաստում են։

Ես գնացի սարը և այնտեղից մորս հետ միասին եկանք։ Այստեղ չեմ կարող նկարագրել իմ հուզմունքը, մորս, տատիս և այլն, արտասուքների ժամանակ, և այդ բոլորը գիտես ինչու համար էին, գուցե դեռ չիմանաս. բոլորը քեզ համար և երեխաների համար էին։ Ես այնքան էի ինձ հանցավոր