Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր հարսներից մեկը երազ էինք տեսել Աշխենի վերա միաժամանակ։ Այսօր ինձ հրավիրել էին մի տեղ, ճաշից հետ, նրանց հարսն ինձ մի քսակ ընծայեց, հետս կբերեմ։ Արդեն նախկին նամակումս գրել եմ, որ խալիչաներից մի փոքրն եմ բերում, որն իրանք ամենից վատն են ասում, մեջը ես հավանում եմ, բայց եզերքը (հաշիեն) վատն է, աններդաշնակ գույներ են։ Այս մահճակալի առաջը ձգելու համար կլինի, հետո դու կգաս ուրիշը կհավանես, մայրս ուզում է քեզ համար մի մափռաշ էլ գործի։ Բարևիր տանցոնց բոլորին, հարևաններին և համբուրիր Մուշեղին ու Աշխենին։

Սրա հետ սեկրետարին էլ մի բաց նամակ եմ դրում իմ ուշանալուս և գալուս համար4։ Այստեղ ծարավեցի, գնամ ջուր խմեմ հետո շարունակեմ։ Մեր տանըցիք և բոլոր բարեկամները, բոլորը ձեզ բարևում են, անունները որ գրեմ փոշտը չի բերիլ:

Այստեղ անձրև շատ է գալիս, բայց ես իմ խմբերով սար ու ձոր ոտնատակ եմ տալիս անդադար, մայրս կռվում է, ասում է՝ շատ ես ման գալիս, քրտնում ես, չես չաղանալ։ Հիրավի, այս սառն տեղերում օրը մի կուժ քրտինք է գնում ինձնից շատ ման գալու պատճառավ։ Անցյալ օրը որսի ժամանակ մի թաշկինակ կորցրի, սակայն նրա փոխանակ Օսանը մի մետաքսյա թաշկինակ է ընծայել, այն էլ հիմա միտքը փոխել է, ասում է քեզ չեմ ընծայել, Օլին եմ ընծայել։ Մուշեղի համար մի էշի քուռակ պետք է բերեմ, որ նստի վրան:

(Մյուս օրն եմ շարունակում)։

Օգոստոսի 8-ին։

Այսօր հրավիրված էի մեր ազգականներից մեկի մոտ: Ձեզանից երկար խոսեցինք։ Մինչև նամակս այստեղ հասնելը մարշրուտը փոխվեցավ և մայրս կարգադրեց, որ կիրակի օրը ճանապարհ ընկնեմ, իմ վռազելուն, սրանց… Գայլի գլխին ավետարան էին կարդում, ասում էր՝ շուտ արեք...

Այսօր սարից տատս ինձ համար սեր էր ուղարկել մի կճուճ, ափսոս, այդտեղ չեմ կարող հասցնել։