Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստած հետևում գործողությանը։ Նրանք խոստովանում են (փառք սատանային), որ կարող է «հուզված» հանդիսականը անշարժ մնալ մինչև շարունակվում է գործողությունը բեմի վերա։ Ես վրա բերի, այո՛, հենց այդպես էլ կարող է հուզված բանաստեղծը (հանդիսական) անշարժ մնալ, մինչև շարունակվում է նրա երևակայության մեջ (բեմի վերա) գործողությունը։

Բաս ինչու են հանդիսականները գործողությունից հետո ծափահարում, վեր թռչելով հարցնում է մեկը, իբրև թե գաղտնիքը գտավ. ես չեմ գրել, թե իմ ոտանավորը գրելուց հետո ինչ արի (այսինքն գործողությունը վերջանալուց հետո)։

Է՛, հիմի նրան գանք. կարելի՞ է ասել «կուրծքս եռ է գալիս», թե չէ, և ուրիշ բանաստեղծներ էլ գործ են ածել այդ դարձվածը, նրանք համաձայնվում են ինձ հետ. ուրեմն ծաղրելու բան չկա։ — Ինչո՞ւ է «թև ածում» բառի առջև? դրել,— հարցնում եմ,— այդ չգիտենք։ Իսկ վերջին տողերը դու ինչո՞ւ ես գրում, հարցնում են ինձ, ինչո՞ւ ես գրում, թե «չեմ հասկանում ինչ եմ ցանկանում»: — Որովհետև ակամա իմ մտքով անցնում են կամ միտքս շոշափում է այդ բոլոր տեսարանները (մտքի թռիչքներ) և ես բնականաբար ոչինչ չեմ հասկանում. այդ հոգեկան մի դրություն է։

Ի՞նչ օգուտ հոգեկան մի այդպիսի դրություն նկարագրելուց, բացատրություն են պահանջում ինձանից.- ի՞նչ օգուտ, հարցնում եմ,- որ նկարագրում ենք բնության մի դրություն, և ինչո՞ւ կարելի է արտաքին աշխարքի ամեն մի երևույթը, տեսարանը, դրությունը նկարագրել, իսկ ներքին աշխարքինը չէ։ Նրանք կատաղեցան, որ ես վերջը հայտնեցի, թե պետք է պատասխանեմ և պատասխանի վերջը «ամենագետ» Արծրունուն մի տուն ոտանավոր նվիրեմ իրան հանգի (որ գրել էր Հարոյի վրա).

Այն ժամանակ երբ վարում էի
Ես պաշտոնը ֆելիետոնիստի,
Այնպիսի բաներ գրում էի,
Որ խելքս չէր կտրում իսկի12: