Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փրփրեցան։ Այդ կապիկները չեն կարողանում ըմբռնել, որ մենք էլ ենք հարգում Արծրունուն, բայց հաշիվ ենք տալիս մեզ, թե ինչու համար ենք հարգում և ինչու համար անարգում: Ամեն ամեն ասեմ քեզ, իմ հարգանքս ավելի (այստեղից գրիչս ու թանաքս փոխվեցան) օգտակար է «Մշակի» համար, քանի թե այդ եղնգապանների[1] հափշտակությունը, փաստը կասեմ։ Դու հիշում ես, անշուշտ, որ Արծրունու հոբելյանին, երբ հուշարարը հրաժարվում էր յուր պաշտոնը կատարելուց, հոբելյանի առթիվ ժողովարանում տրվելիք ներկայացման ժամանակ, ես, չնայելով իմ ընտանեկան այրությանս, աչքի առաջ ունենալով իմ պաշտոնից զրկվելն ևս, ներկա լինելով կոնսիստորիայի և առաջնորդարանի կատաղի թշնամական սպառնալիքներին և ցույցերին հոբելյանի և հոբելյարի դեմ, որն անշուշտ երկյուղ է ազդելու մի գրագրի, այո՛, ես հանձն առա հուշարարի պաշտոնը և կոնսիստորից սպառնալիքներով բեռնավորված գնացի ժողովարան Արծրունուն իմ հարգանքս մատուցանելու13, այնինչ, միևնույն ժամանակ այս միմոսներից շատերը, որն յուր ուսուցչության պաշտոնից զրկվելու համար, որը հորից վախենալով, որն եղբորից (սրանք փաստեր են) մինչև անգամ չէին զլանում հայհոյել Արծրունուն և քարոզել «Մշակի» վնասակար ուղղությունն և հազար ու մին «ություններ»։ Այսուամենայնիվ, ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում — իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան։ Ես իմ «ես»ը ո՛չ «Նոր դարի», ո՛չ «Մշակի», ոչ «Մուրճի» և ուրիշի ազդեցությանը չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ և կպաշտեմ մինչև անգամ, եթե կա մի հանրօգուտ միտք, ուրիշ բան է, եթե դրանք մի մի Քրիստոս լինեին, թող ինձ անգույն անվանեն, ինչպես և կոչում են, որովհետև ոչ մեկի զինվորը չեմ (աստված փրկի, ազատի)։ Ուզում եմ նամակս կարճ կտրեմ. բայց մի բան մոռացա ասել, որ «Նոր դարը» «Մշակից» բախտավոր է յուր համակրողներով կամ

  1. Եղունգին նայելով գուշակող։