Էջ:Իմ խնամատարը.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

112

ԺՈՂՈՎԱԾՈՒ


Ես հրաժարուեցի հիւրասիրութիւնից։ Ինձ համար անսահման ցաւալի էր նրա խեղճութիւնը։ Մինչեւ այդ ժամանակ իմ տեսած ընտանիքներում մարդն էր հալածել կնոջը, այդ օրը հակառակն էի տեսնում։

Ի՜նչ, Կարկուտ Գասպարը, որ խօսելիս կրակ էր թափում բերանից — այդպէս ընկճուած իւր տանը, այդ տգեղ կնոջի՞ց։

Բայց մի բան, որ ինձ ամենից աւելի վշտացրեց, հետեւեալն էր։ Երբ ես Գասպարին ասացի, թէ արդէն պատրաստ եմ ծովային ծառայութեան համար, տգեղ կինը նորից կատաղեց․

— Ի՜նչ,— գոչեց նա,— ուրեմն դրա՞ն էլ ես պաշտօն խոստացել նաւի վրայ։

Եվ, դառնալով ինձ, աւելացրեց․

— Մի՛ հաւատար, գնա քեզ համար ուրիշ գործ գտիր։ Դրա ձեռքից բան չի վեր գալ։ Մեծախօ՜ս․․․

Օհ, որքա՜ն խղճալի էր այդ պահին իմ խնամատարը եւ որքա՜ն ողորմելի նրա փառահեղ մուշտակը։

Ես հրաժեշտ տուեցի նրան դառնացած սրտով։

Երբ տեսածս պատմեցի հօրեղբօրս, նաասաց խորհրդաւոր եղանակով․

— Կնիկ կայ, որ անուշ վարդ է, կնիկ կայ, որ ցաւ ու դարդ է։

Եւ գլուխը թեքելով իւր գործին, հառաչեց։ Քիչ անցած՝ նա ասաց․

— Ձեռագիրդ Առստամ-բէգին տուեցի։ Վաղը գնա նրա մօտ, կարծեմ տեղ կայ նահանգական դատարանում։

Եվ այսպէս, իմ երազը չիրագործուեց, ես չարժանացայ ծովային ծառայութեան։


ՇԻՐՎԱՆԶԱԴԷ