Էջ:Իմ խնամատարը.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

107

ԻՄ ԽՆԱՄԱՏԱՐԸ


Նա ներողամտաբար ժպտաց, հասկացնելով ինձ, թէ դրանից աւելի դիւրին բան չկայ նրա համար։

— Լող տալ, տե՞ս, լող տալ,— հարցրեց նա։

— Ոչ, չգիտեմ,— պատասխանեցի ես, որկեանքումս ջուր մտած չկայի։

— Դու լող տալ սովորիր, հեշտ է, հեշտ է,— ասաց Գասպարը եւ, ապակիների պահարանը կռնատակին սեղմելով, չքացաւ։

Նրա խոստումն ինձ միանգամայն ոգեւորեց։ Չգիտեմ ինչու, նա ինձ հաւատ ներշնչեց։ Ինձ թուաց, որ այդպէս արագ խօսող եւ արագ քայլող մարդու համար կեանքի մէջ անկարելի բան չպիտի լինի։

Ես վճռեցի լող տալը սովորել, թէեւ ոչնչից այնքան մեծ երկիւղ չունէի, որքան ծով մտնելուց։ Ես լսել էի, որ հաստ մարդիկ շատ դիւրին են սովորում լողալը։ Որովհետեւ այն ժամանակ ես բաւական գէր էի, ուստի մի օր լողարանում պարանը բաց թողեցի եւ փորձեցի ջրի երեսըն մնալ։ Բայց իսկոյն արճիճի գնդակի պէս գնացի ծովի յատակը։ Բարեբախտաբար, սանդուղքը մօտ էր, բռնեցի եւ վեր բարձրացայ։

Ապագայում շատ անգամ եմ փորձել, բայց երբեք չկարողացայ լողալը սովորել։ Յիշում եմ, որ մի անգամ խեղդուելուց ինձ ազատեց մօրաքրոջս որդին, Յովհաննէս Աբէլեանը, որ շատ ճարպիկ լողորդ էր։

Ամէն անգամ Կարկուտ Գասպարին հանդիպելիս, յիշեցնում էի նրան իր խոստումը։ Եվ նա ազնուաբար ոչ միայն յետ չէր կանգնում իւր խօսքից, այլ եւ աւելի ու աւելի հուսադրում էր ինձ, ամէն անգամ հաւատացնելով, թէ իւր համար անկարելի բան չկայ աշխարհի երեսին, մանաւանդ ծովի վրայ։ Եվ երբեք չէր մոռանում հարցնել․

— Լող տալ սորցի՞ր, լող տալ։

— Այո՛,— ստեցի ես մի օր, վերջապէս ամաչելով իմ անշնորհքութիւնից։

— Աֆարիմ, աֆարիմ,— գովեց ինձ Կարկուտ Գասպարը, ձեռը ուսիս զարկելով,— դէ, հիմի, շոեդ փոխի, շոեդ։

Նա ուզում էր ասել, որ հագուստս փոխեմ։ Պէտք է ասած, որ ես Բագու եկել էի Շամախու հագուստով — քօշերով, արխա-