Էջ:Իմ խնամատարը.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

109

ԻՄ ԽՆԱՄԱՏԱՐԸ

մերժի, այն ժամանակ…

Այստեղ Կարկուտ Գասպարը աչքերը փակեց եւ գլխով ինչ որ անորոշ շարժումն արաւ։

Այդ միջոցին մեր դէմուդէմ երեւաց հարբած նաւաստիների մի խումբ, երգելով եւ պարելով։ Խումբը մօտեցաւ եւ շրջապատեց Կարկուտ Գասպարին եւ սկսեց հետը կատակներ անել, սկզբում անմեղ, բայց հետզհետէ աւելի ու աւելի անվայել։ Բանն այնտեղ հասաւ, որ նաւաստիներից մէկը բարձրացաւ խնամատարիս ուսերի վրայ։ Գասպարը կմշտեց նրան եւ վայր գցեց։ Միւսը խլեց նրա կռնատակից մի քիւթում եւ սկսեզ կրծոտել։

Ես զարմացայ տեսնելով, որ բարեկամս ոչ միայն չի վիրաւորվում այդ անվայել կատակներից, այլ եւ, կարծես, նրանք հաճելի են իրեն։

Վերջապէս նաւաստիները հեռացան։ Գասպարը դարձաւ ինձ եւ ասաց, թէ բոլորը իւր ստրուկներն են եւ թէ բաւական է, որ հրամայի, ամէնքն իրանց ծովը կը գցեն, եւայլն եւայլն․․․

Ես բաժանուեցի նրանից անախորժ տպաւորութեան տակ։ Ինչ ուզում էք ասէք, դառն էր հիասթափուել մի մարդու վերաբերմամբ, որին ոյժ էի համարում եւ որը պատրաստակամ յանձն էր առել իմ խնամատարը լինելու։

Բայց եւ այնպէս, հաւատը դեպի Կարկուտ Գասպարը չմեռաւ իմ մէջ։

Շաբաթուան վեց օրը նա հագնւում էր շատ հասարակ, մինչեւ անգամ կեղտոտ։ Նրա սեւ ֆուրաշկան այնքան իւղոտ էր, որ փայլում էր պողպատեայ թերթի պէս, նրա արխալուղի եւ պիջակի կուրծքն ու փէշերը ծածկուած էին ներկի եւ խէժի բծերով։

Բայց կիրակի օրերը նրա միանգամայն կերպարանափոխւում էր։ Նա ունէր աղուէսի թէ արջի մորթուց կարած մի մեծ մուշտակ, որի երկայն կինամոնագոյն մազերը ծածկում էին նրա կուրծքը ամբողջովին, եւ նոյն մորթուց կարած կլոր եւ մեծ գդակ։

Ես մտքումս պարծենում էի նրանով, երբ տեսնում էի, ձեռները մուշտակի թեւերի մէջ կոխած՝ մտնում էր եկեղեցու գաւիթը։ Այդ ժամանակ նրա քայլուածքը աղայական էր, ծանր, հանդիսաւոր։ Աջ ու ձախ իւր ծանոթներին բարեւում էր հպարտ, ինչպէս վայել էր սեփական արժանապատուութիւնը յարգող մի մարդու։ Իսկ իմ խոնարհ բարեւներին հազիւ պատասխա-