Էջ:Իմ հորաքույրը 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա կաղությունը մեր աչքերին ձմեռը ավելի շեշտակի էր դառնում, որովհետև ձմեռները տանն էինք, և դատապարտված լսել նրա վույ-վույներն ու ողբերը։ Մենք այն տպավորությունն ստացել էինք, որ նա միշտ էլ կաղ էր, որովհետև ո՞վ էր մտիկ տալիս ամառը տան ներսում անցած դարձածներին։ Բայց ես՝ տարիներ հետո, նկատեցի նրա ամառնային կերպարանափոխությունը և մի օր էլ հարց տվի մայրիկիս.

— Ինչպե՞ս է, մայրի՛կ, որ հորքորիս ոսկորները ամառները կը շտկին և ձմեռները կը ծռին։

— Ձմեռը ջղերը ցուրտեն կը քաշվին,— պատասխանեց մայրիկս,— իսկ ամառները կը թուլնան։

Այն ժամանակ հասկացա, որ կաղությունը միայն ոսկորների հետ չէր, որ կապ կարող էր ունենալ, այլ և ջղերի հետ։

Ջիղը— ահա՛ իմ հորաքրոջ ուրիշ կանանցից զանազանելու գաղտնիքը։ Ջիղը միայն սրունքներին վրա չէր, որ ազդում էր, այլ ջիղն էր, որ կառավարում էր նրա մարդկային ողջ գնացքը։ Նրա մեջ ամենաակտիվը ջիղն էր։

Իմ հորաքույրը սև, չորացած մարմին ուներ, գլխի վրա կարճ և նոսրացած մազերով, աչքերր խավարակուռ գիշերվան նման խոր, մատները երկար և ուռած երակներով ճակատը ծուռ ու մուռ, կուրծքը ներս անցած, փոր՝ երբեք չուներ, կուրծքի անմիջապես տակից սկսում էին իր բնութենափոխ սրունքները, որոնք այնքան էլ երկար վար չէին վազում, այլ շուտով հասնում էին գետին։ Ոտների փոքրության և մեծության մասին ես որոշ բան չեմ կարող հայտնել, որովհետև ամառ և ձմեռ քաշում էր մի խրիկ[1] իր ոտներին մի քանի բրդե հաստ գուլպաներ հագնելուց հետո, կռնակը՝ Թեփերիզի զառիվերը ձեզ օրինակ, որի վերջացած կետից՝ ցցվում էր իր շուշուլիկ գլուխը առանց վզի, քթի վրայի մասը, ճակատի ստորոտը, աչքերի սրածայրությունից սեղմված, նման էր մահմեդական անդեականի մազե կամուրջին, քիթը՝ վերի կողմը բռնադատված լինելով նեղանալու՝ ինքնիրան թույլ էր տվել վարի կողմը ընդարձակվելու թե՛ բարձրությամբ և թե՛ լայնությամբ, որի ծայրը, իբրև գագաթ, ամեն

  1. խրիկ — կարկատաններով հաստացած մի կոշիկ