Էջ:Իմ հորաքույրը 08.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե այս մարդը իր քույրը ցնցոտիներու մեջ կը պահե։

Հորաքույրս պատասխանեց դրան.

— Ես ջահել հարս չեմ, որ հագվիմ-սըքվիմ և դուրս գամ, թո՝ղ կնիկդ հագվի։

— Գոնե դուրս որ կերթաս՝ դուրս չերթաս բարով,— ասաց հայրիկս,— նոր չարշաֆդ վրադ քաշե, բզիկ-բզիկ եղած չարշաֆովդ մի՛ պտտիր։

Հորաքույրս դարձյալ մի անհարկի պատասխան տվեց և քը՜ս-քը՜ս հեռացավ սենյակից բերանի և աչքերի դիվային ծամածռություններով։

Մի օր մեծ քույրս վերի սենյակից վար՝ հորս մոտ եկավ և ասաց.

— Հայրի՛կ, հորքորը մեր հյուրի ներկայության կըսե, որ ոչինչ չունիմ հագնելիք։

— Ո՞վ է հյուրը, — հարց տվեց հայրիկս։

— Սարգիս էֆենդին է,— պատասխանեց մեծ քույրս։

Սարգիս էֆենդին այնքան էլ մեր տան մոտ մարդ չէր, որպեսզի հորաքրոջս ստախոսության տեղյակ լիներ, դրա համար էլ հայրիկս վրդովվեց։ Նա գնաց ուղղակի հյուրանոց, բարևեց Սարգիս էֆենդիին և անմիջապես կանչել տվեց մեր երկու ծառաներին և պատվիրեց հյուրանոց բերել հորաքրոջս ընկույզից շինված մեծ սնդուկը։ Հորաքույրս այս պատվերի վրա սփրթնեց, սկսեց դողդղալ, մի կերպ փորձեց ծառաներին արգելել, բայց հորս մի խոժոռ նայվածքը բավական էր, որ նրան պատին գամեր, և… նա գամվեց։ Կես ժամ քաշեց մինչև ծառաները, դրսից երկու մշակների օգնությամբ, սնդուկը հասցրին հյուրանոցը և դրին սենյակի ճիշտ մեջտեղը։

Մայրս պարտեզում զբաղված էր և ոչնչից ոչինչ չէր իմանում. բայց երբ քույրերս լուր տվին նրան, թե սնդուկը վեր կը տարվեր՝ եկավ տեսնելու.

— Վարդե՛ր,— հրամայեց հայրիկս իմ հորաքրոջ,— բա՛ց սնդուկը։

Հորաքույրս դողդղալով և արցունքոտ աչքերով բացավ սնդուկը։ Հայրս իր ձեռքովը ինչ որ կար սնդուկում դուրս թափեց և դառնալով Սարգիս էֆենդիին՝ ասաց.

— Ներեցե՛ք, Սարգիս էֆենդի, այսքան բան ունի հագնելու,