Էջ:Իմ հորաքույրը 09.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասոր պես յոթն անգամ ալ ծախեր է և քիչ առաջ լսեցի, որ ձեզի ըսեր է, թե ոչինչ չունի հագնելու։

— Թո՛ւ երեսիդ, ամո՛թ քեզ, անիծյա՜լ կին,— ասաց հայրս և դուրս եկավ հյուրասրահից։

Բոլորս էլ իրար երես նայեցինք և լռեցինք, բայց մայրիկս խզեց լռությունը,

— Գոհարի պես եղբայր ունիս,— ասաց,— բավական է վշտացնես, ջուրի պես ոսկի կը ծախսե, իսկ քեզ համար արժեք չունի, հետդ գերեզմա՞ն պիտի տանես, ինչո՞ւ չես հագնիր։

Հորաքույրս չսիրված էգի նման զայրացած՝ բազուկները բացավ, աչքերը չռեց և անիծեց մեր տունը՝ բոլորիս։


5

Երբ դեռ ես մանուկ էի՝ մեր տան կանանց հետ գնում էի բաղնիս։ Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիսը, հիշում եմ կոշմարը կավերի հոտի, գոլորշիների, սիրտ մարեցնող տաքի և խըշխըշ ջրի։

Արևելյան բաղնիսը՝ այն վայրը, ուր հորաքույրս կարող էր երևան գալ իր բոլոր ընդունակություններով և պառավի բոլոր չարություններով։

Հորաքույրս բաղնիսում միայն լողանալով զբաղված չէր — նա դիտում էր այն աղջկան, որ հարսնացու էր կամ թեկնածու հարսնության, որպեսզի բաղնիսից դուրս գալուց հետո՝ խոսեր-բամբասեր նրա մասին։ Բաղնիսից անմիջապես հետո չէր կարող այցելություններ անել իր «տեսածները» կամ տեսնել ցանկացածները պատմելու բաղնիսում հանդիպած աղջիկների կամ հարսնացուների մասին, որովհետև այնքան չեչքար էր քսում մարմնին և այնքան վառող-թափող դեղեր էր գործ ածում, որ սարսափելի հոգնած էր լինում և բերանը բաց՝ պառկում ու քնում էր։

Բայց մյուս օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, ոտին քաշում էր մի խրիկ, գլխին՝ մի կիսամաշ շալ և ընկնում էր հարևանների տները, մեկից մյուսը, ամեն լսած խոսք և տեսած բան կարգապահորեն իր տեղը հասցնելու