իր մեկ-երկու ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի կոպիտ թասերը փաթաթեցին շորերի մեջ և հորաքրոջս ձգեցին սենյակի մեջտեղում և՝ տո՛ւր թե կտաս։ Պարզվեց մի անհունապես տգեղ տեսարան. ճարպոտ կանանց ծիծերը կատաղած շան գլուխների նման սկսեցին վեր-վար ելլել և իջնել, մեկի ոտերը սլլացին և ամբողջ հասակովը և մսերովը զարնվեց սալին և էլի ոտի կանգնեց ավելի կատաղած։ Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր իր փոքրիկ աթոռով, որը վերջին անգամ, հուսահատած, նետեց Օղաբերին, ճեղքեց նրա ծիծերից մեկը, բայց ինքն էլ փռվեց գետին և ուշաթափվեց։ Քույրերս վախեցած արդեն վազել էին և լուր տվել մայրիկիս, որ հազիվ հասավ և դադարեցրեց կռիվը, քաշեց վարագույրը։ Իմ ձեռքիցս բռնեց մայրիկս, բերեց դուրս, հագվեցրեց և պատվիրեց գնալ անմիջապես տուն և ասել մեր ծառային, որ էշը բերի և հորաքրոջս տուն տանի։ Մինչև ես իշուն հետ բաղնիս վերադարձա, բոլորն էլ հագվել էին, մայրիկս տխուր էր, իսկ հորաքույրս, աչքերը փակած, բերանը բաց արած, ատամները ցցած, պառկել էր փոքրիկ գորգի վրա և հազիվ կարողանում էր տնքալ։
Երկար տարիներ համբերություն ունենալուց հետո հորս համբերությունը վերջ էր գտնում՝ անկարելի էր հանդուրժել հորաքրոջս ներկայության մեր տան մեջ։
Հայրս մի օր տանը հաղորդեց իր վերջնական որոշումներից մեկը՝ Վարդերը դուրս պետք է գա մեր տնից։ Հայրս չորս սենյականոց մի տուն էր վարձել և ուզում էր, որ հորաքույրս գնա և այնտեղ բնակի իր համար։ Մայրս նախ ընդդիմացավ։
— Ատքա՜ն տարի քաշեր ենք, հիմա՞ չպիտի քաշենք,— ասաց մայրիկս։
Բայց հորս որոշումը որոշում էր։
— Ես որ մինչև հիմա այդ կնիկը կը պահեի՝ այն տղու խաթեր համար էր, մինչև կոկորդս եկեր հասեր է, համբերանք