Էջ:Իմ հորաքույրը 14.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չմնաց, դուրս պիտի ելլա, դո՛ւրս, չեմ ուզեր, մազերս ճերմկցուց։

Այն տղան հորաքրոջս որդի Խաչերն էր։ Խաչերը դպրոցում ամենից ուշիմ և աջող աշակերտն էր։ Երբ հայկական ծխականը ավարտեց, հայրս նրան ուղարկեց թրքական Պետական բարձրագույն վարժարան՝ Իտատիեն, և դրանից էլ հետո ուղարկեց Պոլիս, բժշկական վարժարան։ Հորս խոսքին վրա ուրիշ խոսք դնել անկարելի էր, հետևաբար մայրս թույլ տվեց, որ հայրս կանչի հորաքույրին և հաղորդի իր որոշումը, միայն մայրս, գալիք պատասխանատվությունից խուսափելու համար, Պիղատոսի պես ձեռքերը լվաց և դուրս եկավ։

— Վերջեն որ զղջաս, ես մեջը բաժին չունիմ,— ասաց մայրիկս հայրիկիս դուրս ելլալեն հետո,— այնպիսի բաներ ընե, այնպիսի օյիններ խաղա, որ տեսնես։

Բայց հայրս կանչեց իր հարազատ քրոջը և շատ կտրուկ կերպով ասաց.

— Երեսուն տարի է ինծի հետ ես, առաջ ջահել էիր, մենակ չէիր կրնար ապրիլ, բայց հիմա տարիքդ առեր ես, մարդ թելիդ չի կրնար դպչիլ, պետք է իմ տունես ելլաս և առանձին բնակիս, ես քեզի համար տուն եմ… — հայրս չի կարողացավ խոսքը վերջացնել, հորաքույրս արձակեց մի այնպիսի ահռելի ճիչ, որ կարծես երեսուն տարուց ի վեր պահեստի դրած լիներ։ Այս ահռելի ճչից մեր հարևանները վազեցին ներս, կարծելով, որ մի արտակարգ բան է պատահել մեր տան մեջ։ Մայրս սենյակից դուրս էր։ Նա, որ ամենափոքրիկ աղմուկից ցնցվում էր, ոչինչ չզգաց, որովհետև սպասում էր դրան։

Հայրս այլայլվեց, մինչև անգամ չկարողացավ խոսել, մի մարդ, որ քաղաքում կատաղածի համբավ էր վայելում։

Մայրս մի քանի ստերով հարևաններին ճամփու գցեց, թե՝ հորքորը լսել է, որ Խաչերը Սև ծովու մեջ խեղդվել է։ Թեև բոլոր հարևանները լսել էին, որ Խաչերի Պոլիս հասնելուն՝ հեռագիր էր ստացվել։ Հորաքույրս ոչինչ չկարողացավ ասել, ոչ մի լուսաբանություն չէր կարող տալ, որովհետև «ուշաթափվել էր»։ Ավելի լավ էր սուտ պատճառներ տային, քան թույլ տար, որ իր «ուշաթափվելու արվեստը» տապալվեր, քանի որ վերջերս մոդայից ընկել էր այդ։