Էջ:Իմ հորաքույրը 15.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուշաթափվել․․․ ահա՛ հորաքրոջս ուժեղ զենքերից մեկը։ Տարիներ առաջ տան բոլոր անդամները վախենում էին հորաքրոջ ուշաթափվելուց— բժիշկ, դեղ, սառը ջուր, քթին՝ ռուհիներ[1]— բայց վերջ ի վերջո իմացվեց նրա ուշաթափվելու արվեստը։

— Երեսուն տարի առավ,— ասում էր խեղճ մայրիկս,— որ հասկացա, թե սուտ կը մարի։

Ճչից բավականին հետո զարթնեց հորաքույրս, բայց մինչև իրիկուն չդադրեց լաց լինելուց։

Երկրորդ օրր հայրս խոստովանեց իր անզորությունը։

— Եթե դուրս գա տունեն՝ ինձ ալամին առջև խաղք ու խայտառակ կընե, Մարգարիտ,— ասաց հայրիկս։

— Պետք է տանենք մինչև ետքը,— պատասխանեց մ այրիկս,— այդ կնիկը մեր տան խարղան է (ագռավը), քանի քշես խարղան, այնքան չար խաբարներ կը բերե։

— Աղջի՛— հարց տվեց հայրիկս,— մինչև ետքը որ կըսես, այդ մինչև ետքը ե՞րբ է, այս կնիկը բոլորիս գլուխը կուտե։

— Թո՛ղ մեր գլուխը ուտե, բայց ո՛չ քուկդ,— պատասխանեց հորս կինը։

— Իմ ու քուկիդ խնդիր չկա, ես կուզեմ, որ կատվին գլուխն անգամ չուտե, բայց բոլորիսն ալ պիտի ուտե…— վերջացրեց հայրիկս։

Հորաքույրս մնաց մեր տանը։


7

Հայրս մի ազգական ուներ, որի անունն էր Հաջի Մայր։ Մենք բոլորս էլ Հաջի Մայր էինք ասում այն քաղցր պառավին, որի ներկայությունը որևէ տան մեջ խաղաղություն էր։ Մի պայծառ, ալեզարդ պառավ, որի ձեռքերը շուշանի սպիտակություն ունեին, որին մոտենալիս՝ նոր լվացված և արդուկված ճերմակեղենի մաքուր բույր էր գալիս, նիհար, բայց ոչ ոսկրուտ։ Նա մեզ միշտ պատմում էր Երուսաղեմ

  1. ուշաբեր հեղուկ