Էջ:Իմ հորաքույրը 16.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքի պատմությունները, ուր այցելել էր իբրև ուխտավոր, մի տասնյակ տարի առաջ։ Նա ուներ մի կարմիր մարջանից խաչ, մեջտեղում մի փոքրիկ ապակյա ծակ, որի մեջ նայելիս երևում էր Քրիստոսի խաչելության պատկերը։ Այդ պատկերը, ասեղի ծակի չափ փոքրիկ ծակից երևցած, իմ մանկական մտքիս վրա ավելի մեծ տպավորություն էր թողել, քան հետագայի իմ տեսած սինեմաները, ռադիոֆոները և ուրիշ գիտական հրաշալիքներ։ Ես Երուսաղեմի մասին միայն մի բան գիտեի։ Երբ երկրաշարժը օրորում էր մեր տները, ամեն մարդ պոռում էր— «Սյունն Երուսաղմա»,— ես կարծում էի, թե Երուսաղեմ ի մեջ մի սյուն կա, որ երկրից մինչև երկինքը երկարած է, և այդ սյունն է, որ կարող է հանդարտեցնել երկրի կատաղությունը։ Այդ խաչի պատկերը ուրիշ հորիզոններ բացավ իմ աչքիս, միշտ էլ փնտրում էի Երուսաղեմի սյունը և Քրիստոսի խաչելությունը։ Հաջի Մայրը իմ մտքում միշտ կապվել էր խաչելության և այդ սյունի հետ, և միշտ մտածում էի, թե ինչպես այդ խորին բարի պառավը կարող էր կապ ունենալ խաչելության գործիքի և այդ վիթխարի սյունի հետ։

Մի օր Հաջի Մայրը էլի մեզ մոտ էր և խոսք կար, որ նա պիտի հեռանար մեր քաղաքից։ Հայրս երկար խորհրդակցության նստեց նրա հետ։

Հայրս համոզում էր Հաջի Մորը, որ հորաքրոջս հետը տանի Պոլիս։

— Ես կը վախնամ այդ կնիկ են,— ասում էր Հաջի Մայրը,— ճամբան գլխուս օյին կը բերե։

— Չէ՛,— առարկում էր հայրս,— դուն գիտես, որ քեզմե կը քաշվի։

— Նա միայն Աստուծմե կը քաշվի, մարդոցմե քաշվիլ չունի,— պնդում էր Հաջի Մայրը։

Վերջապես հայրս աջողեց Հաջի Մորը համոզել, որ հորաքրոջս հետը տանի։

Հիմա հարց էր ծագում, թե ի՞նչ կերպով կարելի պիտի լիներ հորաքրոջս համոզել գնալու։ Հայրս մի քանի օրեր ծանր մտածելուց հետո՝ իր մոտ կանչեց իր քրոջը և ասաց.

— Տղադ քեզ Պոլսեն ուզեր է, պիտի ղրկեմ որ երթաս տեսնաս։