Էջ:Իմ հորաքույրը 18.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղջիկ ուզել՝ հորաքույրս անմիջապես պիտի լիներ իր դերում, գործի վրա և անպայման խանգարեր։ Եթե մինչև անգամ չի խանգարեր, այնուամենայնիվ այդ էր դրսի տպավորությունը։

Հորաքույրս դեռևս Սև ծովու վրա էր, երբ մեծ քրոջս նշանեցինք, մի տարի հետո ամուսնացնելու երկուստեք խոստումներով։ Քույրս՝ զարմանալի՜ չէ, դառավ հետաքրքրության առարկա նշանվելուց հետո։ Ամեն ներս մտնելուն և դուրս գնալուն, եկեղեցի կամ բաղնիս հաճախելուն՝ նրա մասին մանրամասն պատմություններ էին պտտվում քաղաքում։ Հորս և մորս՝ նրան տալիք դրամօժիտի մասին չիմացածը՝ քաղաքը իմանում էր։ Առասպելներ էին հյուսվում նրա դրամօժիտի շուրջը։ Դրամօժիտի չափերը այնքան էին բարձրացվում, որ մոտավորապես գալիս էր հավասարվելու հորս ունեցած հարստության։

Հորաքույրս այլևս չկար, մայրս դառել էր մեր տան իրական և տիրական տիրուհին, մանավանդ՝ աղջիկների մայրը։

Խաղաղ էր մեր տան կյանքը, այնպես խաղաղ, ինչպես կապույտ ու անդորր երկինքը մեր ամառների։ Առաջին անգամն էինք տեսնում, որ մայրս լաց չի լինում, տան մեջ անհամություններ չկան, բամբասանքներր դադրեցան, ագռավը, սև և անողոք ագռավը, չէր կանգ առնում մեր կտրի քիվերի վրա, մեր տան պատերը մի ժպտուն լռություն էին պահում։

Հորաքրոջս մեկնելուց վեց ամիս հետո լսեցինք, որ Եգիպտոսում մեռել է Հաջի Մայրը, որովհետև իր թոռը մերժել էր ամուսնանալ իր նշանածի հետ հորաքրոջս թելադրությամբ և փախել էր Փարիզ, ամուսնացել մի ուրիշի հետ։ Այս դեպքից հետո Հաջի Մայրը կաթվածք էր տարել և մեռել։ Իսկ Հաջի Մոր մահից հետո հորաքույրս եկավ, բոբո՜ս, կանգնեց… մեր տանը դռան առաջ։

Նա էլի վերադարձավ մեր առաստաղի տակ՝ իր հետ բերելով գորշ և սպառնական ամպեր։ Մեր երկինքը էլի մթնեց՝ կարկուտի նշան կար։

Անպայման մեր տանը պիտի պատահեր մի ահեղ և մութ բան։

Մի աշունի ցուրտ օր մայրս, վերադառնալով պարտեզից,