Էջ:Իմ հորաքույրը 22.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գառնո՛ւկս, մոռցիր, որ երթա, խրատում էր մեր ալևոր ազգականներից մեկը։

— Տղա՛ս, մի ըներ, ասում էր մայրս։

— Պիտի ընեմ, մեկ անգամ խոսքը բերնես թռեր է, պիտի կատարվի,— համառում էր եղբայրս։

Մի երեկո Ջինջիլյան էֆենդին մեր տանն էր՝ ընթրիքի։ Ճաշի ժամանակ էլի, ինչպես միշտ, խոսքը բացվեց պատի մասին։ Վերջին երկու ամիսների ընթացքին արդեն մեր տան մեջ պատի խոսակցությունից դուրս ուրիշ խոսակցություն գրեթե չկար։ Մի շարք համոզիչ խոսքեր ասվելուց հետո, երբ եղբայրս շարունակեց պնդել պատը կանգնեցնելու մասին, փեսան սկսեց բղավել.

— Առնվազն սարսաղություն է, հիմա՛ր…

Ջինջիլյան էֆենդին դեռևս չէր լրացրել իր խոսքը՝ եղբայրս իր առաջ դրված կանաչ լոբու ամանը առավ և խփեց փեսայի ոսկե ատամներին։ Բոլորս էլ սեղանից թռանք, քրոջս սիրտը գնաց, մայրս զայրացավ, որ փեսան խոսքի խառնվեց և վիրավորեց եղբորս, հորաքույրս փախավ դուրս, իսկ փեսան և եղբայրս ինկան իրար կոկորդի։ Ոչ ոք չկար, որ բաժաներ, երկուքն էլ սպասում էին, որ մեկը միջամտի։ Վերջ ի վերջո մայրս հրամայեց։

— Հակո՛բ, բավական է։

Հակոբը բաց թողեց փեսայի վիզը։

Երեք օր հետո պատը սկսեց կառուցվել, բայց մեր տան և Ջինջիլյան էֆենդու միջև պատի խնդիրը միշտ մնաց դաժան խնդիր։

Հորաքույրս շատ աշխատեց փեսան նորից մեր տուն բերել, բայց այդ նրան երբեք չաջողվեց։


10

Հորս մահվանից մի քանի տարիներ անցել էին, մենք արդեն բավական մեծացել էինք, երբ մեր տան մոտիկ ազգականներ խորհուրդ տվին բաժանել հորենական ժառանգությունը, որ տարիներ հետո «մութ կողմեր» չմնան։

— Ինչո՛ւս պետք խառնակ բան,— ասաց մեր մեծ հայրը՝